ԱՐՈՒԵՍՏԻ ՀԱՅ ԴԵՍՊԱՆՆԵՐ...
Հ այրենիքից հեռու, կեանքի ու ճակատագրի անիմանալի քմայքներին տրուած բազում արւեստագէտներից մէկն է լեհաստանաբնակ գեղանըկարիչ Տիգրան Վարդիկեանը:
Գիւմրեցու արմատներ կրող հայի ստեղծագործ տեսակը կրող մի անհատականութիւն՝ ում ստեղծագործական աշխարհին փոքր ինչ առնչուելով արդէն կարող ես յայտնուել ասելիքի, կուտակումների, կեանքի փիլիսոփայութեան, սիրոյ ու տառապանքի, պայքարի ու յուսալքումների մի անհաւանական թանձրացումներ, որոնք կարծես ժամանակի ձագարով անցել ու զտուել են նրա կտաւներին թողնելով մի ներաշխարհ՝ ուր ամէն մի ասելիք ենթաշերտային է ու հարուստ յոյզի, ապրումի եւ իրականութեան շաղախով: Բարդ կառուցուածք ունեն նրա ստեղծագործութիւնները, որոնք իրենց էսթետիկական գրաւչութեան մէջ ստիպում են դիտողին բացայայտել մի գաղտնիք, որը կտաւի ներսում է՝ թանձր գուներանգների ու հեքիաթային, երազային աշխարհից իրականութեան զարկերակին նստած էակների շարժման մէջ, ստեղծագործողի մուսան, թէ կեանքի ու առօրեայի թերի դէմքերն ու մարդկային բարդ ու հակասական յարաբերութիւնները Վարդիկեանի կտաւներում գալիս են մի հանրագումարի՝ փիլիսոփայական ներդաշնակութեան, իրենց ներկայութեամբ հաստատելով լոյսի ու ստուերի յաւերժական անհրաժեշտութիւնը եւ այդ ամէնն ի վերջոյ միտուածն յանուն գեղեցիկի…
Դժուարին ճանապարհ անցած ու իր ապրած փորձութիւններով կեանքին այժմ փիլիսոփայական իմաստնութեամբ նայող արուեստագէտի հետ ցրոյցը մի դասական օրինակ է հայրենիքից հեռու ապրող ու հայրենիքի դեսպանը դարձած հայի արարող տեսակի մասին:
Պարոն Վարդիկեան, քանի տարի է, որ Հայաստանում չէք: Որտեղից ուր տարաւ հայ արուեստագէտի, նկարչի ճակատագիրը ձեզ… Պատմէք մի փոքր ձեր մասին, ձեր ընտանիքի մասին, որտեղից են եղել արմատներով, որտեղ էք ծնուել եւ ապրել դուք…
Ծնուել եմ 1962 թուականին Երեւանում: Հօրական կողմս՝ գիւմրեցիներ են: Պապիկիս հայրը ժամանակին, մի 100 տարի առաջ յայտնի անձնաւորութիւն է եղել Գիւմրիում՝ «ֆռիկ Տիկօ» մականունով: Բաժակաճառերի վարպետ էր ու ոգելից խմիչքներով սեղաններից անպակաս: Ժամանակին ուսուցանել էր ճեմարանում, Աւետիք Իսահակեանի մտերիմ ընկերներից էր: Պապս պատմում է, որ մեր գերդաստանը սերւում է Նահապետ Քուչակից, իր ծննդականում գրուած էր Վարդիկեան եւ Քուչակեան: Գիւմրիում իրենց գերդաստանը ճանաչուած էր «Քեչակենց» գերդաստան: Ժամանակին մեր գերդաստանը գաղթել էր Վանի կողմից: Մայրական կողմս նոյնպէս վանեցիներ են, Վանի Խառակոնիս գիւղից: Տատս ասում էր, որ Նայիրի Զարեանը մեր գիւղացի էր: Եսպէս վանեցիները մի շրջան կատարեցին ու հանդիպեցին Երեւանում: Մանկութիւնս անցաւ Երեւանի Զէյթուն թաղամասում, յաճախում էի 136 միջնակարգ դպրոց: Մանկուց սիրել եմ նկարչութիւնը, բոլոր տեսակի արուեստները եղել են կարծես հարազատ: Բոլոր երեխաները մանուկ ժամանակ նկարել են, պատկերել են իրենց երազներն ու երազանքները: Յետոյ նրանցից շատերը մանկութիւնից դուրս եկան ու հեռացան: Ես եդպէս էլ մնացի այնտեղ…
Ուսումնառութեան շրջանի մասին, ձեր ուսուցիչների, ովքեր են եղել եւ ինչ ազդեցութիւններ է կրել այդ կրթական պրոցէսում Վարդիկեան ապագայ գեղանկարչի աշխարհընկալումն ու գունապնակը նրանց շնչի ներքոյ:
1978-ին ընդունուեցի Փանոս Թերլեմեզեանի անուան նկարչական ուսումնարանը: Այդ տարիները ինձ համար եղան հասունացման, ռոմանտիկայի եւ յուսահատութեան տարիներ: Սիրեցի իմ ուսուցիչներին որոնք տարիքով մեծ էին մեզանից, սակայն մանկութիւն կար իրենց աչքերում: Բոլորս կատակասէր էինք ու ժպիտը կարծես անպակաս էր մեր դէմքերից: Մեզ դասաւանդում էին՝ տիկին Մատինեանը, Վոլոդեա Յովհաննիսեանը, Հրայր Գրիքորեանը, Սեդա Բեքարեանը, Վաղարշակ Արամեանը եւ Ռիզեր Վովան: Սակայն այդ տարիներից մինչեւ այժմ ուսուցիչներ են նաեւ մեր մեծերը, Այվազովսկին, Սարեանը, Սուրենեանցը, Մինասը…
Ունեցել էք ցուցահանդէսներ հայրենիքո՞ւմ….
Հայաստանում ցուցահանդէս ունեցել եմ մանկավարժական տարիներին, մէկ անգամ, «Դերասանի տանը»:
Ինչն է, որ ձեր մէջ շատ տպաւորուած է հայրենիքից ու ամէն անգամ կարօտելիս ի՞նչ էք զգում… վերադարձի շղթան արդեօ՞ք ետ չի ձգում իր տեսակով անհանգիստ արուեստագէտին…
Անշուշտ, ինչպէս իւրաքանչիւր մեկնող ունեցել էք դժուարութիւնների եւ ինքնահաստատման փուլ ձեր կեանքում, որը ոմանց մօտ տեւական է, ոմանց մօտ ինչ որ ժամանակաշրջան… Ձեր դէպքում ինչպէս է՞ եղել:
Հայրենիքիս յիշողութիւնները շատ-շատ են: Ցաւոք որ յաճախ, սակայն Հայաստան գալուց քայլերս ինձ տանում են իմ մանկութեան վայրերը՝ Գաստելոյի 6 փողոց, այնտեղից հացի խանութի կողքով մինչեւ ... դպրոց ու յետոյ ոչ շտապ քայլերով նորից վերադարձ… Ճանապարհին նայելով, չգիտես ինչու փոքրացած տներին, նեղացած փողոցներին… Կարծես ամէն ինչ իր տեղում էր մնացել, սակայն ինչ որ մի բան չկար, անհետացել էր, գոլորշիացել… Անկեղծ ասած քաղաքի գովազդային լոյսերը ինձ չեն զարմացնում կամ յուզում, ես իմ հայրենիքի հասարակ մարդկանց եմ կարօտում: Հողագործի կոշտացած մատներով հասարակ ու ազնիւ գիւղացուն եմ սիրում: Օտար երկրում դժուարութիւններ շատ են եղել ու դեռ հիմա էլ կան, բայց էդ դժուարութիւնները յաղթահարելու համար են ասուած է՝ «Էն, ինչ մեզ չի կործանում, մեզ կոփում է»:
Եթէ երրորդ հայեացքով դիտելու լինէիք ձեզ՝ որպէս մարդ եւ արուեստագէտ՝ ինչպէս կը ներկայացնէիք, կը բնորոշէիք անկեղծօրէն…
Ես իմ մասի՞ն… երրորդ դէմքո՞վ, չգիտեմ, անկեղծ չգիտեմ՝…
Ձեր նկարչութեան մէջ ասես թանձրանում են ժամանակները, սինթեզւում, բաժանւում, անվերջ զարգացում, փնտռտուք, բացայայտում, թռիչք ու նաեւ գեղեցկօրէն քողարկուած բայց ներկայ նոստալգիա կայ… եթէ առանձնացնելու լինէինք փուլ առ փուլ, ապա, որ ժանրերի կամ իզմերի մէջ էք ստեղծագործել , ստեղծագործում հիմա ու գեղեցիկի ընկալման եւ արտայայտման որ ձեւն է, որ հոգեհարազատ է ձեզ…
Երբ հեքիաթներ եմ նկարազարդում, մանուկ եմ դառնում: Վերադառնում եմ մանկութիւն: Գառնուկ ախպոյ հետ տխրում եմ, Ձախորդ Փանոսի վրայ ծիծաղում ու վախենում վհուկ-կախարդներից: Երբ բնանկարներ եմ նկարում՝ արեւ ու Սարեան եմ յիշում: Երբ իմ պատկերացումներն եմ նկարում, երեւի միայն վրձինն եմ բռնում, մնացածը սրտով է ստացւում: Յոյզերս ու երազանքներս նկարներիս մէջ եմ պահում ու անհամբեր սպասում իմ դեռ չստեղծուած նկարներին...
Դիտելով կանանց ֆիգուրատիւ ստեղծագործութիւնների ձեր շարքը, կռահելի է, գեղագէտի ձեր արտայայտչական մի ուղղութիւնը, ինչ է կնոջ մարմինն ըստ ձեզ…Գուցէ հէնց դա է այն մուսան, որը ցանկացած խռովքից յետոյ ստիպում է ձեզ նորից վրձին վերցնել, մօտենալ կտաւին ու արարել…
Հմմմմ... Երկու խօսքը քիչ է, երեքն աւելորդ: Անհասկանալի ու տենչալի մի գեղեցկութիւն: Փակ ու բաց աչքերով եմ տեսնում...
Դուք զբաղւում էք նաեւ լուսանըկարչութեամբ, ինչ է փնտռում գեղանկարիչ Վարդիկեանի լուսանըկարչական աչքը:
Որպէս լուսանկարիչ ես ընդամէնը սիրող եմ: Նոյնիսկ չեմ էլ իմանում ինչ տեխնիկական միջոցների եմ դիմում... ուղղակի ֆոտոխցիկը վերցնում եմ ու սրտով եմ նկարում: Ժայռաքարերի արանքում թաքնուած հայկական կոկորդիլոսների՝ մողեսների հետեւից եմ վազում, հայկական վանքերի խնկաբոյր ու մաշուած խաչերն եմ նկարում...
Լուսանկարների ցուցահանդէս էք ունեցել՝ ներկայացնելով Հայաստանը ներկայացնող գործեր, որտեղ էր, երբ եւ ինչ արձագանգ ունեցաւ:
Հեղինակային ցուցահանդէսներ ունեցել եմ Լեհաստանում՝ 50-ից աւելի, թեմաներն եղել են տարբեր: Ընկերական շարժեր ու ծիծաղաշարժ նկարազարդումներ, լուսանկարչութիւն եւ գեղանկարչութիւն: Հայաստանը ներկայացնող գործերիս շարքը ցուցադրուեց Լեհաստանի մի քանի քաղաքներում ու մի քանի անգամ Ֆրանսայում: Արձագանգներ իհարկէ եղել են, օտար թերթերում ու ամսագրերում: Ամէն նման ցուցահանդէսների ժամանակ, ամէն արուեստագէտ դառնում է իր հայրենիքի դեսպանն ու հիւպատոսը: Իմ այս ցուցահանդէսներից յետոյ եղան օտարներ, ովքեր որոշեցին գնան Հայաստանը տեսնեն... Յետոյ վերադարձան սիրահարուած:
Տառապանքն արուեստում, ինչ է տալիս արուեստագէտին… դրա անհրաժեշտութիւնը ըստ ձեզ:
Տառապանքը ցաւոք, արուեստի անբաժան մասն է, չգիտեմ միգուցէ նաեւ անհրաժեշտ: Սէրն էլ է տառապանք, բայց նա արդէն թեւեր ունի: Երբ թեւեր կան, տառապանքը էլ ում շունն ա...
Կայ մի հանգրուան, որին հասնելուց յետոյ ստեղծագործողն իրեն լիարժէք կայացած կարող է համարել եւ որն է այն ձեզ համար:
Հանգրուան, որին հասնելուց յետոյ ստեղծագործողը իրեն կայացաց է համարում: Անկեղծ անհասկանալի է ինձ համար: Ստեղծագործող՝ էլ ինչ հանգրուա՞ն ...
Վարսինէ
Կոմերցիան արուեստում, որպէս անհրաժեշտութիւն է թէ ոգեւորութեան աղբիւր… դարեր շարունակ ընդունուած կարծրատիպ մի իրականութիւն է եղել, որ ստեղծագործողը պէտք է վատ ապրի, եւ հանճարներ են մահացել աղքատութեան մէջ, Վան Գոգ, Մոդելեանի եւ այլք… միթէ կենցաղի խեղճութիւնն իսկապէս օգնում է…
Կոմերցիոն արուեստը անհրաժեշտութիւն է: Եւ կարող է լինել ոգեւորութեան աղբիւր: Նոյնիսկ կոմերցիոն արուեստը կարելի է եւ հարկաւոր է կատարել անկեղծ եւ բարձր մասնագիտական որակով: Իսկապէս կարծրատիպ է, որ ստեղծագործողը պէտք է ապրի վատ ու մահանայ աղքատութեան մէջ: Չեմ վիճաբանի, սակայն Վան Գոգ, Մոդելեանի յիշելով՝ յիշենք նաեւ Պիկասօ եւ Դալի…Կենցաղի խեղճութիւնը ու կեանքի դժբախտ աւարտը ցաւոք միայն դառնում են մարկետինգային անհրաժեշտութիւն: Դա յաջողութեան գրաւական չէ ստեղծագործողի համար: Երբ աղքատութիւնից խելագարւում են վանգոգները ու մոդելեանիները դա միայն հասարակութեան կուրութեան ապացոյցն է:
Վաճառւում են արդեօք ձեր գործերը, ժամանակ լինում է զբաղուել կոմերցիայով… Հեշտ էք բաժանւում ձեր գործերի՞ց, ինչ են նրանք ձեզ համար…
Իմ գործերը ոչ շատ յաճախ, բայց վաճառւում են, նրանցից բաժանւում եմ հեշտ ու ուրախութեամբ: Քանի որ, ամէն մի վաճառուած նկար նշանակում է նոր նկարի ծնունդ: Իւրաքանչիւր նկար պէտք է ապրի իր կեանքով, դուրս գայ աշխարհ ու պատմի իր եւ իր ստեղծագործողի մասին: Ինչ իմաստ ունի ունենալ ջութակ ու չնուագել այն…
Եւրոպա
Ունէք կեանքում կարգախօսներ եւ ինչպէ՞ս էք վերաբերւում կեանքի օրինաչափութիւններին…
Կարգախօսներ չունեմ: Սակայն այդ մասին մտածելիս միտքս է գալիս մի խօսք. «Լաւ է փոշմանել արածի համար, քան թէ չարածի»: Իսկ կեանքի համար շատ բան ասել չեմ կարող, կեանքը կարճ է…
Առաջիկայ ի՞նչ ծրագրեր ունէք, կայ արդեօք հայրենիքում ցուցադրուելու ցանկութիւն կամ նպատակ… ինչու չէ նաեւ վերադարձ:
Առաջիկայ ծրագրերը մութ են: Հայրենիքում ցուցադրուելու ցանկութիւններ իհարկէ ունեմ: Իսկ հայրենիք վերադառնում եմ օրական տաս անգամ:
Շնորհակալութիւն զրոյցի համար:
Արմինէ Մելիք-Իսրայէլեան
$WIDGET$('45','187|2|0|1|1|en|1|1|1|1|1|1|1|1|1')?>
Источник: http://www.azator.gr/azad-or/events/5781-2013-03-20-09-27-16 |