ԲՆՈՒԹԵԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ…
Երեքշաբթի, 25 Սեպտեմբեր 2012 09:49
Երեւանի Յովհաննէս Շարամբէյեանի անուան ժողովրդական ստեղծագործական կենտրոնում բացուել էր «Երկխօսութիւն բնութեան հետ» խորագիրը կրող ինքնատիպ ցուցադրութիւնը, ուր ներկայացուած էր փորագրիչ Սուրէն Աւագեանի ինքնատիպ հաւաքածուն:
Բնութեան փոխակերպումներ յիշեցնող փայտէ քանդակներն իրականում բնաստեղծ են, առանց մարդկային մտքի ստեղծագործական միջամտումի: Հիմնականում ընկուզենի ծառի ելուստները հաւաքելն ու կեղեւազատելով արտասովոր գեղեցկութեամբ այս իւրայատուկ քանդակաշարքը հաւաքագրելը՝ Աւագեանի հիմնական զբաղմունքն է մօտ մէկ տասնամեակ: Նրա երկխօսութիւնը բնութեան հետ բաւականին արտասովոր պայմաններում սկսուեց.
- Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ էր, մի կերպ ինքս ինձ ստիպեցի բակ դուրս գալ…Եւ հէնց այդ պահին երբ հայեացքս ընկաւ դիմացի ծառից կարծես ինձ նայող ելուստին՝ տարօրինակ ձգողականութիւն զգացի, մէջս նրան ծառից անջատելու ցանկութիւն ծնուեց: Ու այդ օրուանից արդէն իննը տարի է ինչ շարունակւում է իմ զրոյցը ծառերի հետ , - ասում է փորագրիչը, ում զգայական աշխարհը բացառիկ յարաբերակցութեան մէջ է բնութեան հետ: Ինքնատիպ քանդակաշարքը, որոնք ներկայացուած էին ցուցադրութեան մէջ պատկերային յստակ ձեւ ու բովանդակութիւն են կրում իրենց մէջ. կանանց կիսանդրիներ, արդկային դէմքեր, ռէալ եւ աբստրակտ մտածողութեան յստակ դրսեւորումներ պարունակող փայտեայ ելուստները իւրօրինակ մթնոլորտ են ստեղծում: Ինքնատիպ այս հաւաքածուն, որն օր - օրի համալրւում է նոր ու մէկը միւսին չկրկնող բնաքանդակներով՝ հիմնականում ընկուզենու ելուստներից են, մշակման պրոցեսներ համարեայ թէ չանցած, քանի որ ընդամէնը ենթարկւում են հասարակ յղկումի… Ակամայից յիշում ես հանճարեղ Միքելանջելոյի խօսքերը, երբ իր հրաշալի հրեշտակի քանդակով հիացած Պապին նկարագրում է իր ստեղծագործութեան հանդէպ ունեցած իր մօտեցումը՝. «Հրեշտակն այդ մարմարի կտորի մէջ էր թաքնուած, ես ընդամենը քարի աւելորդ մասերն եմ հեռացրել նրանից…»:
- Ընկուզէնին յիշողութիւն ունի, նա ֆիքսում է մարդուն, - ասում է բնութեան իւրօրինակ «պեղումներով» հմայուած փորագրիչը, ում համոզմամբ՝ բնութեան գանձարանի դուռը ամէն մարդ իր բանալիով է բացում… Նայելով խնամքով յղկուած ու հաւաքագրուած այս բնաքանդակներին համոզւում ես, որ նրանց հեղինակի՝ Սուրէն Աւագեանի գտնուած երջանկութիւնը հէնց այս ինքնատիպ քանդակաշարքի մէջ է, որոնք մի օր կը զբաղեցնեն իրենց տեղը թանգարանում ու գուցեւ գիտութեան զարգացումների մի ժամանակահատուածում հնարաւորութիւն տան մարդ արարածին բացայայտելու եւ վերծանելու բնութեան կողմից արուած այս հետաքրքիր «մեսըճ»- հաղորդագրութիւնները… Մարդկային ուղեղի յստակ քանդակ յիշեցնող բնաքանդակը, ուր չկայ մարդկային որեւէ միջամտութիւն՝ վերը ասւածի յստակ սպասելիք է ներշնչում դիտողին, առաւել եւս, երբ հպւում ես իրենց հետաքրքիր էներգետիկ դաշտով օժտուած այս բնաստեղծ քանդակներից իւրաքանչիւրի հետ, որոնցից մէկը կնոջ կիսանդրի է ասես, միւսը՝ յայտնի ռուս պոետի Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին, յաջորդը՝ կենդանակերպ նշան, մէկ ուրիշը՝ անտիկ շրջանի ֆիգուրատիւ քանդակ եւ այլն…
Սուրէն Աւագեանի հաւաքածուն բնութեան խորքային ձայների ու երկխօսութեան արձագանգն է, նրա բարձրաձայնումը այն մասին, որ աւարտ, վերջ եւ մահ չի լինում, գուցէ՝ փոխակերպում, վերածնում ու նոր սկիզբ…
Արմինէ Մելիք-Իսրայէլեանը
արուեստաբան է
(Յատուկ «Ազատ Օր»-ին համար, Երեւան-Աթէնք)