ՙՍԱԹԻ՚-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Արմինէ Մելիք–Իսրայէլեան
Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ Իրանի ՙՍաթի՚ բեռնափոխադրական ընկերութեան նախաձեռնութեամբ Երեւանի Առնօ Բաբաջանեան համերգասրահում հոկտեմբերի տասներկուսին տեղի ունեցաւ Իրանի օպերային թատրոնի հանրայայտ երգչուհի, ՙԱշխարհի ոսկէ երգ՚ եւ ՙԲարի կամքի դեսպան՚ Փարի Զանգանէի եւ Իրանում յայտնի դաշնակահար, տաւղահար, Իրանի ՙՄեհրնաւա՚ երգչախմբի ղեկավար՝ Նազլի ԲախշայեշիՙԽաւարից այն կողմ…՚ բարեգործական համերգը՝ նւիրւած Հայաստանի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց: Իր երաժշտական եւ հասարակական գործունէութեամբ ու իր կատարումներով յայտնի Իրանի հնչեղ ձայներից մէկի հետ հայ հանդիսականը առնչւեց ե ծանօթացաւ նրա արւեստի հասուն տարիքում: Համերգի արձագանքն ու անծանօթ երգչուհու հանդէպ ունեցած ջերմ ընդունելութիւնն ու հիացմունքը հաւաստեց, որ տարիների բացը կարող է լրացնել անգամ մէկ ելոյթն ու մէկ բարձրարւեստ կատարումը: Համերգի եւ հայաստանեան իր տը-պաւորութիւններով ՙՅոյս՚-ի ընթերցողի հետ կիսւում է ինքը՝ Իրանում դասական եւ ազգային երգարւեստի անւանի գիտակն ու ներկայացուցիչ՝ տիկին Փարի Զանգանէն:
Տիկին Զանգանէ, նախ շնորհաւորանքներ եւ շնորհակալութիւն այն գեղեցիկ երեկոյի համար, որ դուք՝ իբրեւ հարեւան եւ բարեկամ ժողովրդի արւեստի ներկայացուցիչ կարողացաք շնորհել մեզ եւ մի գեղեցիկ ձայնեղ կապ աւելացնել երկու ժողովուրդների միջեւ, որոնք պատմականօրէն առնչւել են միմեանց դարեր շարունակ: Առա-ջին անգամ էիք Հայաստանում. Ինչպիսի՞ տպա-ւորութիւններով էք գնում…
Ուրախ եմ եւ ոգեւորւած, որ ինձ համար առիթ ստեղծւեց Հայաստան այցելել: Ինձ համար նպատակը միայն Հայաստանում մենահամերգ ունենալը չի եղել, այլ ցանկութիւնս էր, որ այս պատմական երկիրը եւս մօտիկից տեսնել:
Գիտենք, որ ձեր կեանքը, ուսումնառութիւնը անցել է հայկական միջավայրին մերձ, ձեր դասախօսների եւ համագործակիցների մէջ շատ են եղել հայեր, երկուստեք ինչ փոխազդեցութիւն է եղել…
Իրանաբնակ հայերը մեծ դեր են ունեցել Իրանի կոնսերւատորիայի հիմնադրման գործում եւ ես սկսած իմ ուսանողական շրջանից ունեցել եմ մեծ թւով հայ դասախօսներ, ուսուցիչներ, ապագայում նաեւ աշխատակիցներ եւ ես աշխատակցել եմ նաեւ մի շարք լաւ հայ դաշնակահարների հետ: Երբ իմ երգերը ձայնագրում էի իրանական ստուդիաներում, այնտեղ մի նշանաւոր ստուդիա կար ՙՍի Բի Էս ՚ անունով, որի հիմնադիրն ու տնօրէնը մի իրանահայ էր Օհանեան ազգանունով, հետագայում ես նաեւ աշխատել եմ մի շարք յայտնի դաշնակահարների հետ, որոնցից Մարսէլ Ստեփանեանը եւ ԱնդրէՕհանեանը միշտ ինձ հետ աշխատել են, եւ ինձ համար կարեւոր էր, որ իմ դաշնակահարները տիրապետեն դասական երաժշտութեան եւ թէ’ հմուտ լինեն իրանական ֆոլկլորին: Իմ այդ հայ ընկերները տիրապետում էին թէ’ իրանական ֆոլկ երաժշտութեանը եւ թէ’ դասական երաժշտութեանը եւ ես տարիներ նրանց հետ աշխատել եմ եւ ձայնագրութիւններ պատրաստել:
Հայաստանի հանդիսատեսը Ձեզ եւ Ձեր արւեստին ծանօթացաւ Ձեր կատարողական արւեստի հասունութեան գագաթին հասած հատւածում, ի՞նչն էր, որ բերեց Ձեզ Հայաստան եւ ինչպիսի՞ տպաւորութիւն ունեցաք Ձեր ՙԽաւարից այն կողմ…՚ համերգից:
Աւելի քան յիսուն տարի է, որ բեմի վրայ եմ, բայց առաջին անգամ լինելով Հայաստանում, պէտք է հայ ունկնդրի առաջ ելոյթ ունենայի, յատկապէս հայերէն երգեր պէտք է երգէի, իսկապէս շատ յուզւած էի եւ ինձ համար շատ կաեւոր էր, որ հայ ունկնդիրը ի՞նչ գնահատական կը տայ իմ ներկայացրած արւեստին եւ յատկապէս իմ կատարմամբ հնչած հայերէն երգերի առիթով: Ես յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում համերգին ներկայ բոլոր խաւերի ներկայացուցիչներին, որոնք ներկայ են եղել իմ մենահամերգին, յատկապէս Հայաստանի կոյրերի միաւորման անդամներին, որոնք բոլոր դժւարութիւններով հանդերձ, ներկայ գտնւեցին իմ ելոյթին եւ ես իրենց խոստացել եմ, որ պիտի այցելեմ եւ որոշ հարցեր քննարկեմ եւ ծանօթանամ մօտիկից նրանց խնդիրներին… Ուզում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնեմ Իրանում Հայաստանի դեսպան պարոն Գրիգոր Առաքելեանին, ՙՍաթի՚ ընկերութեան տնօրէն պարոն Լևոն Ահարոնեանին եւ արւեստագիտուհի տիկին Ժենիկ Սուքիասեանին, որոնք ամէն կերպ ինձ օժանդակեցին այս համերգի փառահեղ կայացման համար: Համերգի ընդմիջման ժամանակ անչափ ոգեւորւեցի եւ յուզւեցի, երբ ղարաբաղցի մի հայ երիտասարդ ինձ այցելեց եւ ասաց, որ ութ ժամ աւտոբուսով եկել է, որպէսզի համերգին ներկայ լինի եւ դա ինձ շատ ոգեւորեց: Եւ այն ծաղիկները, որ ստացայ, պիտի ինձ հետ տանեմ Իրան, չորացրած կը պահեմ եւ կը յիշեմ Հայաստանը:
Ինչպէս երեւանեան համերգում, այնպէս էլ ձեր կատարողական կենսագրութեան մէջ դուք կատարել էք հայկական ստեղծագործութիւններ, որ՞ն է Ձեր ամենասիրած երգը:
Առաջին հերթին ասեմ, որ մենք շատ ծանօթ ենք հայկական երաժշտութեանը, քանի որ ապրում ենք նոյն տարածաշրջանում եւ մեր մշակոյթները, արւեստը, երաժշտութիւնը մօտիկ են իրար: Ես տարիներ առաջ որոշեցի, որ օրօրոցային մի շարան պատրաստեմ աշխարհի տարբեր լեզուներով տարբեր ազգերի օրօրոցայիններից եւ դրանց շարքում բնական է, որ ես պէտք է ընտրէի նաեւ հայկական օրօրոցայինը: Իմ առաջին կատարումը հայերէնով եղել է օրօրոցային: Հետագայում ես Գլենդէլում պէտք է ունենայի մի մեծ մենահամերգ, այնտեղ ես նախապատրաստեցի հայկական նշանաւոր ՙԱնուշ՚ օպերայից մի արիա եւ դաշնակահար Մարսէլ Ստեփանեանի օգնութեամբ ես դա ներկայացրեցի: Յետոյ, երբ հայաստանեան այցելութեան հրաւէրն ստացայ, որոշեցի մի քանի հայկական երգ էլ պատրաստեմ Հայաստանում ներկայացնելու համար, այդտեղ ես դիմեցի իմ սիրելի բարեկամներ, արւեստասէր ընտանիք պա-րոն Տիգրան Սուքիասեանին եւ նրա տիկնոջը՝ Ժենիա Սուքիասեանին եւ նրանք անգամներ ինձ հետ փորձեցին, օգնեցին յատկապէս նոտաներն ու արտասանութիւնները եւ ես պատրաստեցի ՙԿաքաւիկ՚ ու ՙԲարի Արագիլ՚ երգերը եւ յուսով եմ այսուհետ կը կարողանամ խորանալ հայկական երաժշտութեան մէջ եւ նորանոր գործեր եւս պատրաստեմ:
Ուրախ կը լինենք նորից Ձեզ տեսնել Հայաստանում, տիկին Զանգանէ… Դուք քիչ առաջ ասացիք, որ երգել էք ՙԱնուշ՚ օպերայից արիա, արդեօ՞ք ծանօթ էք նրա անզուգական կատարողին՝ Գոհար Գասպարեանին:
Ինչպէս ասացի, իմ դաշնակահարներից պարոն Անդրէ Արզումանեանը շատ լաւ է տիրապետում հայկական երաժշտութեանը եւ երբ պատրաստում էի ՙԱնուշ՚ օպերայի պատկան արիան՝ անգամներ անձամբ լսել եմ հայ մեծանուն երգչուհի տիկին Գոհար Գասպարեանի կատարումը, որպէսզի կարողանամ ճշգրիտ կերպով այն վերարտադրել: Իրանում ապրում են մեծ թւով հայեր եւ մենք շատ լաւ յարաբերութիւններ ունենք նրանց հետ եւ միասնաբար մշակութային աշխատանք ենք տանում:
Պատահարը, որը փոխեց Ձեր կեանքը եւ ինչ որ չափով նաեւ ստեղծագործական ուղին, դէպի ու՞ր տարաւ Ձեզ:
Հետաքրքիր ակնարկ կատարեցիք… Այդ պատահարը, որը իմ ներկայ վիճակիս պատճառը եղաւ, շատ բան փոխեց իմ կեանքում… Իմ անձնական եւ ընտանեկան կեանքի վրայ դաժան ազդեցութիւն թողեց… Բայց, ես ունէի բարեկամներ, ընկերներ, որոնք ինձ քաջալերեցին եւ ես խորացայ օպերայի մէջ: Ինձ իմ դասախօսները շատ օգնեցին նոր ճանապարհ անցնելու, օգնեցին համերգներ ունենալ եւ կարծես նոր աշխարհ բացւեց ինձ համար: Իմ անցեալ կեանքին ես նայում եմ մեծ յուզմունքով եւ իմ ներսում արտասւում եմ… Այն կեանքը իմ մտապատկերում դաջւած է ինչպէս մի գունեղ նկար, մի պատկեր, մի կտաւ, որի գոյներն իմ մէջ են… դժւար է չտեսնող մարդու համար, որ տեսել է եւ հակառակը… Հոգեբանական տարբեր խնդիրներ են… Բայց ես վաղուց ինձ համար ընտրութիւն կատարեցի յանձնւելու եւ առաջ նայելու միջեւ ու հայեացքս այդուհետ եղաւ միշտ դէպի ապագան…
Երգեցիք բարեգործական համերգ Հայաստանի կոյրերի համար՝ հաճելին օգտակարի հետ զուգակցելով… Ըստ Ձեզ, ի՞նչ ունենք մենք միմեանց տալու մշակոյթի ասպարէզում…
Հայաստանի անկախացումով նոր հանգրւան, նոր էջ բացւեց Իրան- Հայաստան յարաբերութիւնների ասպարէզում եւ բնական է նաեւ կընդարձակւի նաեւ մեր մշակութային կապերը: Լաւագոյն փաստը մեծ թւով իրանցի ուսանողներն են, որոնք այժմ գտնւում են Հայաստանում եւ նրանք կարող են դառնալ մեր արւեստի, մեր մշակոյթի փոխադարձ համագործակցութեան դեսպանները: Վստահ եմ, որ մեր յարաբերութիւնները յատկապէս մշակոյթի ազպարէզում գնալով աւելի կընդարձակւեն, աւելի կը հզօրանան:
Ինչն է, որ Ձեզ դուր եկաւ հայ արւեստի մէջ:
Նուռը ձեր արւեստի եւս իմւոլիկայի մէջ ինձ շատ հիացրեց եւ զարմացրեց, հայ վարպետներն ինչքան գեղեցիկ իրեր, զարդեր են պատրաստում նռից և Իրանը նռան հայրենիքն է, բայց նուռը Հայաստանի խորհրդանիշն է ասես: Շատ սիրեցի ու ինքս էլ մի վզնոց եմ գնել ինձ համար՝ նռան զարդով:
Ի՞նչ կարգախօսով էք առաջնորդւում կեանքում:
Լինել միշտ լաւատես եւ այդ լաւատեսութիւնը փոխանցել մարդկանց:
Ինչով է այժմ զբաղւած Փարի Զանգանէն, առաջիկայ ի՞նչ ծրագրեր ունէք:
Աշխատում եմ մի քանի ուղղութեամբ: Դասաւանդում եմ, աշխատում եմ իմ նոր գրքի վրայ , որը իմ կենսագրութիւնն է, իմ անցած ուղին եւ ներկայացնում եմ նաեւ Իրանի մեծ արւեստագէտներին: Պատ-րաստում եմ ազգային երգերի մի նոր շարան, որը մինչեւ իրանական Նոր տարին՝ Նոռուզը, որ մարտ ամսին է՝ նոր ձայնասկաւառակը պատրաստ կը լինի: Ծրագիր ունեմ Անդրիա Բոչելլիի հետ համերգ կազմակերպելու ընդհանրապէս աշխարհի կոյրերի համար եւ այդ գործերով եմ զբաղւած:
Ձեր մաղթանքը…
Մաղթանքս է, որ բոլոր ժողովուրդները հեռու մնան խռովութիւններից, թշնամանքից: Մենք բոլորս Աստծոյ զաւակներն ենք եւ պէտք է իրար հետ լաւ լինենք, միմեանց հանդէպ բարի լինենք…
Շնորհակալութիւն տիկին Փարի՝ հաճելի զրոյցի համար:
«Յոյս» թիւ 134
7 Նոյեմբեր 2012