Воскресенье, 2025-02-09, 5:20 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ՆՈՐՈԳ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ ԵՒ ՀԱՒԱՏՈՎ...
ՆՈՐՈԳ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ ԵՒ ՀԱՒԱՏՈՎ...
ՎԵՐԱՆՈՐՈԳՒԵՑ ՀԱՂԱՐԾԻՆԻ ՎԱՆԱՀԱՄԱԼԻՐԸ
  
Արմինէ Մելիք-Իսրայէլեան
 


Պատմական յուշարձաններ. տուրիզմի զարգացմանը նպաստող արժէքներ լինելուց զատ այս հոգեւոր կառոյցները հայ քրիստոնեայի մշտանորոգ հաւատի խորհրդանիշներն ու կենդանի վկաներն են, որոնք արժանի ուշադրութեան կարիք ունեն այսօր... Խոնարհւած, կիսաւեր վանքեր ու մատուռներ, ուր ժամանակին հնչել են պատարագ ու շարական՝ լեռնագագաթների վրայ կղզիացած դառնում են բնութեան մասնիկները, ծածկւում ծառերով ու բուսականութեամբ... Իսկ աղօթքները միշտ կենդանի են... Ու երեւի երկնային կամքի շնորհիւ էր նաեւ, որ Հայաստանի հրաշալի եկեղեցական կառոյցներից մէկը՝ Հաղարծինի վանահամալիրը հիմնովին վերանորոգւեց ու համալրւեց նաեւ կից հիւրատնով, դիլիջանեան գողտրիկ այս վայրը դարձնելով այցելուների համար աշխարհիկից կտրւելու եւ բնութեանը մերձենալու հրաշալի անկիւն, ուր մի քանի ժամերի ընթացքում կարող ես առնչւել բնութեան բոլոր երեւոյթներին միանգամից... Վանահամալիրրում այցելուների ու զբօսաշրջիկների հոծ խմբերի կարելի էր հանդիպել անգամ վերանորոգման ընթացքում:


- Եկեղեցին մնաց գործող, նրա դռները միշտ բաց են ուխտաւորների ու այցելուների համար, - ասում է Հրայր քահանայ Բեջանեանը, ով սպասարկում է Նոյեմբերեանի տարածաշրջանն ու ժամանակաւոր նաեւ Հաղարծինի վանահամալիրը, եւ սիրով պատասխանեց մեր հարցերին:

- Ո՞ր թւականից է սկսւել վերանորոգումը…
- Արդէն հինգերորդ տարին է ինչ Արաբական Էմիրաթներից Շարժայի շէյխը յանձն առաւ վերանորոգումը եւ գումար տրամադրեց:

- Կրօնական երկխօսութեան իմաստ ունի՞ նման քայլը:
- Կարելի է այդպէս ասել, բայց ոչ մի քաղաքականութիւն չկայ դրա տակ թաքնւած, սա բարի կամքի դրսեւորում է: Մեր ժողովրդի մշակոյթին, պատմական արժէքների հանդէպ ունեցած սէրն ու յարգանքը մղեցին այդ մարդուն նման վերաբերմունք դրսեւորել: Աւելի խորը ծանօթանալով Հայաստանի պատմութեան հետ ցանկացաւ նման քայլ անել:

- Հայր Սուրբ, արդեօք Ամենայն Հայոց Կաթողիկոսը նպաստե՞լ է այս ամէնին եւ որքանո՞վ է զգալի Էջմիածնի մասնակցութիւնն այս ամէնին…
- Վեհափառ Հայրապետը ոչ միայն նպաստել է, այլ նրա բարձր տնօրինութեան, կարգադրութեան եւ հովանու տակ է միշտ եղել Հաղարծինի վանքը, հիմա առաւել եւս, երբ սկսւել են վերանորոգման աշխատանքները: Բացի Շարժայի շէյխի ներդրած գումարները Վեհափառ Հայրապետը բաւականին գումար ներդրեց վանական միաբանական շէնք կառուցելու համար:

- Ինչպէս տեսնում ենք Հաղարծին վանահամալիրը կարծես թէ նոր կառոյցներով է համալրւում…
- Հայաստանում գտնւող եզակի կառոյցներից կայ այստեղ… Նոր կառոյցներ չեն աւելանում, այլ վերանորոգւում են: Այստեղ թագաւորական գերեզմանատուն կար, որի վրայ կառուցւել էր մատուռ, որը աւերւել էր, եւ հիմա այն վերականգնւում է: Վանական համալիրի մէջ ոչինչ չի աւելացել:

- Հայաստանում կան եկեղեցիներ, որոնք կորցնում են պատմական գրաւչութիւնը վերանորոգւելուց յետոյ կատարւած շինարարական աշխատանքներում տեղ գտած նորամուծութիւնների շնորհիւ: Արդեօ՞ք ուշադրութիւն դարձւել է, որ այս համալիր կառոյցի վերանորոգման մէջ պահպանւում է պատմական շունչը:
- Հին հիմքերի վրայ են յենւում վերանորոգողները, պատի վրայ կան հին քարերի մնացորդները, որոնց նմանութեամբ եւ կրկնօրինակմամբ կատարւում են աշխատանքները: Վանական համալիրում պահպանւած են հայ հին բոլոր ճարտարապետական ոճերը եւ այստեղ ոչինչ չի աւելացել, պարզապէս մենք փորձում ենք վերականգնել կառոյցը: Քարը տրաւերտին քարն է, որով ի սկզբանէ կառուցւած է եղել տրաւերտինով, կան պատերի մէջտեղներում քարեր, որ բազալտէ քարեր են, բայց վերանորոգումը կատարւել է հիմնական տրաւերտինով: Սեղանատունը նոյնպէս վերանորոգւում է եւ նախկինում, ինչպէս որ մեր նախնիներն են պատրաստել կոճղերով աթոռներն ու փայտէ սեղանը, այդպէս էլ մենք նորոգումից յետոյ պիտի նոյնը դնենք իր տեղում:
 


- Մենա՞կ էք ծառայում այս վանահամալիրում, Տէր Հայր: Պատարագներ այժմ էլ են մատուցւո՞ւմ, անկախ վերանորոգման աշխատանքներից: Մի՞շտ է այպէս մարդաշատ:
- Ինձ հետ միասին Հայր Արիստակէսն է այստեղ, որ վերադարձել է Գերմանիայից:
Վերանորոգման աշխատանքները չեն խանգարել ծիսակատարութիւններին: Այո: Մկրտութիւններ, պսակադրութիւններ միշտ եղել են ու լինում են Հաղարծինի վանքում: Վանքը վերաբացւեց 1990 թւականին, Գուգարաց թեմը հիմնեց Արսէն Արքեպիսկոպոս Բերբերեանը, վերաբացեց այդ թեմը եւ Հաղարծինը իբրեւ նստավայր էր համարւում: Եւ այդ օրւանից մինչ հիմա Հաղարծինի վանքը եղել է մարդաշատ:
1991-ին օծւել եմ Հաղարծինեանց վանքում, Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցում եւ Նոյեմբերեանում քահանայելով հանդերձ նրա սահմաններում, Իջեւանում 2000 թւից մինչեւ 2004 թիւը Հաղարծինի վանք՝ գիշեր-ցերեկ ապրելով:

- Որքա՞ն մկրտութիւններ արած կը լինէք:
- Ամէն մկրտութիւն գրանցել ենք, բոլորը պահպանւում են Նոյեմբերեանում: Երկու հազարից աւելի կարծում եմ…

- Կուզենայի, որ մի հետաքրքիր բան պատմէիք, կապւած այս վանքի հետ… Հրաշքներ կամ ինչ-որ խորհրդանշական բան եղե՞լ է…
- Խորհրդանշականն այն է, որ Հաղարծինը իր ազդեցութիւնը կարողացաւ թողնել շէյխի վրայ, իր գեղեցկութեամբ եւ մարդը քրիստոնեայ չլինելով հանդերձ կամեցաւ վերանորոգել այս հոգեւոր օջախը: Հրաշքներ եղել են, ես հա-ւատում եմ հրաշքների եւ դրանք կան: Հիւանդներ են բժշկւել եւ այլն, կարեւորը, որ հաւատով մօտենաս քո արած ծէսին ու կարգին եւ Աստծուն լսելի կը դառնայ քո աղօթքի ձայնը: Աստւած այստեղ է, Աստւած օգնում է եւ Աստծոյ միջոցով մարդիկ բուժւել են:

- Հաղարծին անունն ինչի՞ հետ է կապւած, ի՞նչ ծագումնաբանութիւն ունի:
- Հաղարծին անունը մի քանի ստուգաբանութիւն ունի, որոնցից մէկը Հաղարծին՝ այսինքն, արծիւների խաղալու վայր է նշանակում: Համալիրը կառուցւած է 10-13-րդ դարերում, առաջին եկեղեցին կառուցւած է 10-րդ դարում կոչւում է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, 11-րդ դարում կառուցւում է գաւիթը, որը շատ կարեւոր է եղել վանական կեանքի մէջ, հիմա կարծես այդքան էլ չի օգտագործւում իր իմաստով: Սուրբ պատարագի ընթացքում պահ կայ, որ սարկաւագը ասում է ."Մի ոք երեխայից եւ մի ոք թերահաւատից", այսինքն, բոլոր չմկրտւածները, թերահաւատներն ու անմաքուրները պիտի դուրս գան, երբ սկսւում է պատարագը եւ աղօթեն գաւիթում եւ այնտեղից հետեւեն պատարագի ընթացքին, բայց հիմա դա կարծես չի պահպանւում:

- Իսկ աղանդաւորներ շա՞տ կան Դիլիջանի, Իջեւանի շրջանում: Կա՞ն արդեօք նրանց մէջ այսպէս ասած՝ դարձի եկածներ:
- Աղանդաւորականներին ես երբեք շատ չեմ ասում եւ արժէք չեմ համարում: Դարձի եկածներից եզակի դէպքերից մէկը Նոյեմբերեանում էր: Երկար աշխատելուց յետոյ երկու հոգի ոչ միայն դարձի եկան, այլ նաեւ մկրտւեցին եկեղեցում եւ դա եզակի դէպքերից է: Նրանք ծնունդով ադրբեջանաբնակներ էին, հիմա ապրում են Դեբեդաւան համայնքում եւ դարձի եկան: "Եհովայի վկաներ" էին, որ դարձի եկան:

- Զրոյցի աւարտին, Տէր Հայր հայցում ենք Ձեր օրհնութիւնը, այնպէս, որ Աստծոյ կամքով շուտ վերադառնանք այս Աստւածընկալ վայրը, որ Հաղարծինն է…
- Ես աղօթում եմ Աստծուն, խնդրում, որ Աստւած լսի Ձեր աղօթքի ձայնը, ձեր սրտի ցանկութիւնը, որովհետեւ ամէն մի մարդ, որ մտնում է եկեղեցի իր դրացու նկատմամբ վատ տրամադրւած, թշնամացած չի մտնի: Մարդիկ միշտ մտնում են աղօթելու իրենց ընտանիքի համար, իրենց ուխտը վերանորոգելու համար, իրենց յաջողութեան եւ առողջութեան համար եւ ես էլ աղօթում եմ ձեզ համար, որ Աստւած ձեր ուխտը վերանորոգի, վերահաստատի եւ տայ ձեր սրտի ցանկութիւնը, որը ոչ միայն ձերն է այլեւ մեր ազգինն է, որ լինենք միասնական, հզօր եւ մեր աղօթքով դիմենք մեր Աստծուն եւ ստանանք մեր սրտի ցանկութիւնը:

- Շնորհակալութիւն զրոյցի ու Ձեր օրհնութեան համար, Տէր Հայր:

«Յոյս» թիւ 116

8 Փետրւար 2012
Категория: Мои статьи | Добавил: piro (2012-02-13)
Просмотров: 809 | Комментарии: 1 | Теги: HAXARCIN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն