ԽԱՒԱՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ …
Համամարդկային է միայն արուեստի լեզուն եւ գուցէ Աստուած մարդ արարածին ստեղծագործելու շնորհ տուեց՝ իբրեւ իր այլադաւան ու այլալեզու ստեղծածներին յարաբերուելու մի լուսաւոր ճանապարհի հնարաւորութիւն թողնելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ Իրանի «Սաթի» միջազգային բեռնափոխադրական ընկերութեան աջակցութեան շնորհիւ «Խաւարից այն կողմ» բարեգործական համերգների շրջանակում «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում Հոկտեմբերի տասնչորսին հայ երաժտասէր հասարակութիւնը հաղորդակից դարձաւ մի արուեստագիտուհու, ով ոչ միայն իր տաղաղանդով այլեւ մարդկային տեսակով ու կեցուածքով պատկանում է բացառիկների դասին, որին որդեգրւում են կենսագրութեամբ: Իրանի օփերային թատրոնի հնչեղ ձայն, «Աշխարհի Ոսկէ Երգ» եւ «Բարի Կամքի Դեսպան», մեցցօ սոփրանօ տիկին Փարի Զանգիանէի կատարողական արուեստին, ում մեղմ եւ հաճելի ձայնը յայտնի է ոչ միայն ազգային այլեւ միջազգային երաժշտական բեմերում: Խանումէ Զանգիանէին կը նուագակցի նրա դաշնակահարուհին՝ Նազլի Բախշայեշը, ով տարբերերկրներում ունեցած համերգների ժամանակ նուագակցել է երգչուհուն: Նազլի Բախշայեշը նաեւ յայտնի տավղահար է, Թեհրանի «Մեհրնավա» նուագախմբի ղեկավարն է, որը տարբեր երկրների երաժշտական փառատօնների մասնակից է եւ‘ մրցանակակիր:
Իրանէն Փարի Զանգիանէ երգչուհին
եւ «Ազատ Օր»ի աշխատակից՝ Արմինէ Մելիք Իսրայէլեանը
Ծանօթութիւնը երգչուհու եւ հանդիսատեսի միջեւ զուգորդուեց նրա կատարումներով, որով կայացաւ բեմ-հանդիսատես կապը: Այսօր կը հնչեն ինչպէս իրանական ժողովրդական երգեր այնպես էլ արեւմտաեւրոպական դասական ստեղծագործութիւններ եւ ռոմանսներ: Իր հարուստ երգացանկից տիկին Զանգիանեն հայ հանդիսականին նուիրեց նաեւ հայկական ստեղծագործութիւններ ունկնդրելու վայելքը:
Տիկին Փարին ոչ միայն իր տաղաղանդով այլեւ մարդկային տեսակով ու կեցուածքով պատկանում է բացառիկների դասին, որին որդեգրւում են կենսագրութեամբ:Նա ծնունդով Քաշանից է: Նախնական կրթութիւնը ստացել է Թեհրանում, ուր կրթուել է իրանական երգարուեստի մեծերի շնչի ներքոյ: Նա յաճախել է երաժշտութեան բարձրագոյն ակադեմիա, որտեղ բացայայտուել է նրա լիրիկօ - սոփրանօ ձայնի տեսակը: Դա է եղել պատճառը, որ երգչուհուն պատրաստել են դասական օփերայի համար: Նա իր կրթութիւնը շարունակել է Գերմանիայում, Իտալիայում եւ Աւստրիայում:
1971 թուականին աւտովթարի հետեւանքով կորցնելով տեսողութիւնը Փարի Զանգիանեն իր կամային զօրեղ յատկանիշների շնորհիւ վերանայել է իր նպատակները կեանքում եւ իր գործունէութեան մէջ: Այդուհետ, նրա գլխաւոր նպատակը եղաւ թոյլ տեսնող մարդկանց լիարժէք կեանքով ապրելու համար նոր խթաններ ստեղծելը: Պատահական չէ, որ համերգը նուիրուել է Հայաստանի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց:
Ճակատագիրը երբեմն քմահաճ է լինում մեր հանդէպ, իսկ Աստուած բարեգութ եւ ողորմած… Եւ կեանքի հանդէպ սէրն է, որ շնորհում է տոկունութիւն դժուարինը յաղթահարելու երբեմն գերմարդկային ուժ, ինչի շնորհիւ կարողանում ենք ոչ միայն մեր տեղն ու դերը հաստատել այս արեւի տակ, այլեւ ապացուցել, որ ամէն բան մարդկային է եւ յաղթահարելի, եթէ կայ սէր մէկս միւսին ձեռք մեկնելու բարի ցանկութիւն: Փարի Զանգիանէն իր հրաշալի կատարումներով իր ոգու ձեռքն է մեկնում ձեզ, իր ներկայութեամբ, գործով եւ‘ կեցուացքով ապացուցելով, որ խաւարից այն կողմ էլ կա լոյս …
- «Աւէ Մարիա» Պախ Գունօ
- «Սերենադ» - Շուպերթ
- Մայն Ռուխ իստ հայն - Շուպերթ
- Շուպերթ «Զելիգեյթ»
- Լաուրետայի արիան Ջիանիսկիկի օփերայից - Պուչինի - օ միօ պապինօ քարօ:
Աշխարհի բազմաթիւ բեմերում նրա ունեցած յիշարժան ելոյթները ապացուցել են Փարի Զանգիանէի մեծ տաղանդը: Նրան ծափահարել են Նիւ Եորքում, Սան Ֆրանցիսկոյում, Պոսթընում, Ուաշինկթընում, Լոս-Անճելըսում, Փարիզում, Միւնխենում, Հռոմում եւ Ճափոնիայի մեծ ու փոքր քաղաքներում: Այդ ճամբորդութիւնների արդիւնքում է, որ տիկին Փարին ծանօթանում եւ սովորում է ճափոնական ծաղկարուեստը՝ իքեպանան եւ հետագայում դառնում դրա տարածողը Իրանում:
- «Սաքուռա» - Ճափոնական ժողովրդական երգ
- «Քոն ել վիտո» - Իսպանական երգ
- «Քէ սերա սերա» - Անգլիական հին երգ
Իրանի հարազատ դուստրը, ում սիրում ու գնահատում են նրա արուեստի բազմաթիւ երկրպագուները յաճախակի է ճամբորդում, լինում Իրանի տարբեր վայրերում, նման բարեգործական ձեռնարկներով ծանօթացնելով Իրանի ժողովրդին եւրոպական դասական երաժշտութեան հետ: Նա հաւաքագրում է իրանական բարբառային երգերը: Նրա նպատակներից մէկն է իրանական ժողովրդական երգերը դասական ոճով վերամշակելը: Այս հրաշալի կատարումների հեղինակը նպատակադրուեց ապացուցել, որ տեսողութեան եւ միւս բոլոր զգայարանների կորուստը ինքնստիքեան չի կարող խոչընդոտ հանդիսանալ մարդու համար տաղանդի դրսեւորման չափի, զարգացման եւ կատարելութեան հասնելու մէջ: Ամենակարեւորը ներքին լաւատեսութեամբ զինուելն է: Եւ պատահական չէ, որ պարսկերէն լեզուի մէջ անգամ տեսողութիւնից զուրկ մարդուն այդ բնորոշումը խորհրդանշող բառով են դիմում՝ «ռոշանդել» - այսինքն պայծառասիրտ…
Պարսկական ժողովրդական երգեր
- «Շեքարէ ահու» թարգմանաբար՝ «Եղնիկի որս»
- «Թօ Բիօ»՝ «Դու արի»
- Դայ բալալ
- Ազիզոմ Սոզէ «Սիրելի Սոզէ»
- Դոխթարէ Բոյեր Ահմադի «Աղջիկ Բոյարէ Ահմադի ցեղից» բաւականին յայտնի ու սիրուած երգ Իրանում
- Սեգոդար
Աստուած տիկին Զանգիանէին օժտել է ոչ միայն գեղեցիկ ու հոգեհմայիչ ձայնով, այլեւ գրելու տաղանդով: Նա ոչ միայն բազմաթիւ երգերի վերամշակող է, այլեւ տասից աւելի գրքերի հեղինակ է, որոնց մի մասը յատուկ գրքեր են՝‘ թոյլ տեսնող կամ տեսողութիւնից զուրկ երեխաների համար: Պատահական չէր ընտրուած այս բարեգործական համերգի վերնագիրը՝ «Խաւարից այն կողմ…»: Սա Փարի Զանգիանէյի յայտնի գրքերից մէկի վերնագիրն է, որը հոգեբանական բովանդակութիւն է կրում եւ թւում է թէ այն զրոյց է երգչուհու եւ մարդկութեան միջեւ, յատկապէս ֆիզիքապէս իր կարգավիճակում յայտնուած մարդու հետ:
Երաժշտական շուրջ մէկ դարեայ աւանդոյթներ ունեցող Առնօ Բաբաջանեանի անուան համերգասրահում բազմաթիւ մեծ կատարողների ձայներ են հնչել, ովքեր եղել են ու մնում են երաժշտական կատարողական արուեստի պատմութեան գոհարները… Այս սիւների ներքոյ պարսկուհի երգչուհու շուրթերով հնչեցին նաեւ հայկական ստեղծագործութիւններ…
- «Կաքավիկ» - Հայկակական ժողովրդական երգ
- «Օրօր» - Հայկական օրօրոցային
- «Բարի արագիլ»- հայկական ժողովրդական երգ
Նա իր մաքրամաքուր ձայնի տաղանդով կարողանում է մտերմացնել, մօտեցնել տարբեր ազգութեան, կրօնի եւ մշակոյթի մարդկանց եւ այս համերգը դրա լաւագոյն վկայութիւնն էր… Այդ մասին էին վկայում այն ծափերը, որոնք հնչեցին ողջ երեկոյի ընթացքում, ստիպելով երգչուհուն նաեւ «բիզ» երգել մէկ երգ, որին երգչուհին ուրախութեամբ արձագանգեց իր արուեստի նորածանօթ երկրպագուներին նուիրելով «Կաքավիկ» հայկական ժողովրդական երգը, որի կատարման ժամանակ դահլիճը ձայնակցում էր նորածանօթ երգչուհուն: Յուզիչ էր հայ հանդիսատեսի, յատկապէս Հայաստանի կոյրերի հասարակական կազմակերպութեան անդամների շնորհակալ վերաբերմունքն ու հրաժեշտը, որ լի էր ծաղիկներով, գրկախառնութիւններով, գնահատանքի խօսքերով:
Երգչուհուն հիւրընկալելու հրաւէրով նրան սպասում էին Հայաստանի կոյրերի հասարակական կազմակերպութիւնում Հոկտեմբերի տասնհինգին: Հանդիպումը անցաւ երկուստեք ծանօթութեան մտերմիկ մթնոլորտում: Կազմակերպութեան նախագահ Աբել Յակոբեանն ու տիկին Փարին փոպանակուեցին միմեանց յուզող հարց ու պատասխաններով: Ջերմ ընդունելութիւնն աւարտուեց կրկին հանդիպելու ակնկալիքով եւ փոխադարձ ընծաներով: Որպէս սիմպոլ գեղեցիկ ու բարեկամական հանդիպումի տիկին Փարին եւ նրան ուղեկիցները իրենց հետ վերձրեցին պարոն Յակոբեանի այգուց բերուած հայկական հիւթեղ ու անուշաբոյր խնձորներից:
Մշակութային-բարեգործական ու երկու ժողովրդներին մերձեցման եզրեր ընձեռնող համերգային այցը Հայաստան կայացաւ, շնորհիւ բարի նախաձեռնութեան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի դեսպան Գրիքոր Առաքելեանի, Իրանի «Սաթի» փոխադրական ընկերութեան տնօրէն Լեւոն Ահարոնեանի պատրաստակամ ու լիասիրտ աջակցութեան եւ նուիրեալ անձանց անմնացորդ ջանքերի եւ կազմակերպչական աշխատանքների շնորհիւ՝ այլազգի արուեստագէտների հոգում մի ողջ ժողովրդի հանդէպ ստեղծելով ջերմ ու երախտագէտ զգացումներ, Հայստանը կրկին եւ հնարաւորինս շուտ տեսնելու մեծ ցանկութիւններ:
Նոր հանդիպման՝ նոր մշակութային ծրագրեր:
Արմինէ Մելիք-Իսրայէլեան
Արուեստաբան
Յատուկ «Ազատ Օր» - ին համար
Երեւան- Աթէնք
Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/4662-2012-11-20-11-01-40 |