Воскресенье, 2025-02-09, 4:58 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ…

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ…


…Անգամ հարազատների մտապատկերում նա մնաց իբրեւ  խստահայացք ու ուժեղ մի կին, ում ապրած կեանքն ու գործունէութիւնը տասնամեակների մշուշների միջից երեւակւում են, ինչպէս իր սիրելի Դիլիջանի մերթընդմերթ մշուշուող երկնակամարից փայլող արեւաշողը, նրա թողած գեղեցիկ լեգենդն իրենից դար անց անգամ խորհրդաւոր իշխանուհու՝ Մարիամ Թումանեան - Դոլուխանեանի տան՝

այսօր արդէն Հ. Շարամբէեանի անուան ժողովրդական արուեստի (թանգարան) կենտրոնի դռներն է բացում անծանօթ այցելուների առջեւ, ուր հրեշտակաթեւ  հովանու տակ շարունակում է ապրել ու արարուել բարին… Հարիւրամեակների կենսագրութիւնն ունեցող Դիլիջան քաղաքի կենտրոնական Գետափ փողոցի վրայ գտնուող թանգարանի հնամեայ շէնքը յուշում է նրա տիրուհու մասին, ով ժամանակի յայտնի կանանցից մէկն էր, բարեխնամ մի ազնուականուհի, ով հաղորդակից էր իր հայրենիքի ու ազգի ճակատագրին: 
Մարիամ Թումանեանը՝ օրիօրդական ազգանւամբ՝ Դոլուխանեանը ծնուել է 1870 թուականին  Արցախում՝ Շուշի քաղաքում, ազնուականների ընտանիքում: Նրա հայրը իրաւաբան էր, երկար տարիներ եղել էր Թիֆլիսի քաղաքագլխի տեղակալը, մայրը սերում էր Մելիք Բեգլարեանների տոհմից: Թումանեան ազգանունը Մարիամ Թումանեանը  ստացաւ  թիֆլիսահայ յայտնի լեզուաբան Գէորգի Թումանովի հետ ամուսնութիւնից յետոյ: Ամուսնական լուսանկարներն անգամ յուշում են դեռատի,բայց նպատակասլաց աղջնակի եւ հասուն տարիքում գտնուող  իշխանի տարիքային ընդգծուն տարբերութեան մասին, որն իհարկէ, գեղեցիկ դաշինք էր: Իշխանուհին վեց երեխաների մայր դարձաւ, նրա երկու որդիները ստալինեան ռեպրեսիայի տարիներին զոհ գնացին իշխանուհու մտերիմ բարեկամի` ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի  որդիներից մէկի հետ միասին: 
Ճակատագիրը նրա համար լեցուն եւ  հետաքրքիր կեանքի ուղի էր գծել, լինելով իր ժամանակի յայտնի կանանցից մէկը բաւականին երիտասարդ տարիքում արդէն  իշխանուհի Մարիամ  Թումանեանը հասարակական ակտիվ գործունէութիւն էր ծաւալում, ճկուն միտքն ու իշխանական տիտղոսը, հասարակութեան մէջ զբաղեցրած դիրքը այդ  խելացի տիկնոջը մղում էին մտերմիկ կապեր հաստատել ժամանակի յայտնի դէմքերի, մտաւորականների հետ, որոնց հետագայում բազմիցս էր հիւրընկալելու նաեւ  Դիլիջանեան իր յայտնի ամարանոցում, որը քաղաքի ամենագեղեցիկ կառոյցներից մէկն էր ու է  ցայսօր… Այդ գեղեցիկ ճարտարապետական տեսքով ու ներքին խորհրդաւորութեամբ օժտուած ամարանոցային տունը իշխանուհու համար կառուցել էր նրա մտերիմ ընկերը՝ Սամսոն Բեկ - Յարութիւնեանը, համակրելի մի տղամարդ, ով ժամանակի ամենաակնառու դէմքերից  մէկն էր… Բեկի եւ  իշխանուհու միջեւ  եղած մտերմիկ կապը գեղեցիկ պատութիւն ունի իր ետեւում,որի խօսուն վկան այդ ապրումի հաստատուն կառոյցն է,ուր Մարիամ իշխանուհին Համիտեան ջարդերի տարիներին որբանոց է հիմնում ու իր յարկի տակ կրթում, խնամում  ցեղասպանութունից փրկուած հայ որբերին… 
-Դեռ եւս Թիֆլիսում, երիտասարդ իշխանուհին յանդգնում էր մասնակից լինել այնպիսի հարցերի վեր բարձրացմանն ու քննարկմանը, որոնք վերաբերւում էին իր ժողովրդի ճակատագրին: Կան վկայութիւններ, որ ցարական տարիներին, երբ Թիֆլիս են այցելում ցարն ու իր տիկինը, հանդիսաւոր ընդունելութեան ընթացքում  լեռնական երկրի  դուստրը իր գեղեցիկ պարով յանդգնել էր գրաւել անգամ ռուսական ցարի ու նրա տիկնոջ ուշադրութիւնը, այնուհետեւ զրուցել նրանց հետ հայ - թուրքական հարցերի շուրջ: Այս տունն էլ իշխանուհու համար եղաւ  ոչ միայն ամարանոց, որի յարկի տակ հիւրընկալուել են Ազնիւ Հրաչեան,Սիրանոյշը, Թումանեանն ու Չարենցը, Ֆրիտեոֆ Նանսէնը եւ շատ ու շատ մեծեր,այլեւ ծառայեց որպէս որբանոց ու կացարան հայ որբերին ու ջարդերից մազապուրծ եղած մարդկանց, - պատմում է ժողովրդական արուեստի թանգարնի Դիլիջանի մասնաճիւղի գիտաշխատող Անահիտ Կարապետեանը, ով իր հոգու պարտքն է համարել հաւաքել տեղեկութիւններ ու գրաւոր յիշողութիւններ թանգարանի վերածուած տան խորհրդաւոր տիրուհու մասին եւ ստեղծել մի փոքրիկ անկիւն՝ նրա մասին պատմող լուսանկարներով, որոնք վկայում են նաեւ Մարիամ Թումանեանի հասարակական գործունէութեան մասին…:
Պատմում են, որ իշխանուհին ինքն իր ձեռքով էր կարում որբերի հագուստ- համազգեստները, նա իր տան ներսում ստեղծել էր արհեստի դպրոց, ուր որբ երեխաները սովորում էին տարբեր արհեստներ, հետագայում իրենց հաց հանապազօրեան վաստակելու եւ ինքնուրոյն կեանք մտնելու համար: Իշխանուհին նրանց ամուսնութիւնից յետոյ նոյնիսկ օժիտ էր տալիս, որպիսին ընդունուած է հայկական ընտանեկան  սովորոյթի մէջ… Սա բացառիկ հոգու տէր, բարի ու չափազանց նրբանկատ հայ կնոջ, մօր եւ բարերարուհու իրական էութեան մասին է խօսում, ում համար կարեւոր էր իր ազգի երիտասարդի թէ ճակատագիրը եւ թէ նրա ինքնավստահութեան, հոգեբանական կողմը, հայրական տնից էին ասես ճանապարհւում նրա մանկատան սաները, իշխանուհու օրհնանքով ու բարութեամբ լեցուն:  
Մարիամ Թումանեանը եղել է ժամանակին գործող արհեստակցական միութեան ստեղծողներից մէկն ու նրա անդամը, ում շնորհիւ Դիլիջանում  գործում էին կօշկակարների արհեստանոցները: Նա արհեստաւորի սոցիալական հարցերի լուծման ճանապարներն էր հարթում՝ տալով վաստակելու հնարաւորութիւն: Մեկենաս ու հովանաւոր լինելով բազմաթիւ  ձեռնարկումների իշխանուհու անմիջական հովանու տակ են եղել Դիլիջանում գործող թոքախտով հիւանդների համար նախատեսուած  հիւանդանոցը եւս: Յիշատակելի բազում գործերի հեղինակ էր նա, ում կեանքը մինչ խորին ծերութիւն եղաւ բարեգործութիւն, մարդասիրութիւն սերմանող արարքներով լեցուն…:
Իշխանուհին կանգնում էր հայ մտքի ու գրչի կողքին: Նա լինելով Յովհաննէս Թումանեանի մտերմուհին՝ բազմիցս է հոգացել մեծ գրողի գրքերի լոյս ընծայման ծախսերը: Թումանեանի տուն - թանգարանում այսօր էլ խնամքով պահւում են իշխանուհու եւ մեծ լոռեցու միջեւ եղած համակրանք, ջերմութիւն, ակնածանք ու խորին յարգանք արտայայտող նամակները, որոնք վկաներն են գեղեցիկ մի ապրումի…:
Մարիամ Թումանեանը իր ժամանակի վառ դէմքերից մէկն էր, որի անունն ու գործը դեռ եւս կարօտ են բացայայտման ու խորին ուսումնասիրութեան, քանզի խորհրդաւորութեան մշուշը բաւականին  ծանր է նստած այս անհատականութեան յիշատակի, նրա ապրած կեանքի ու գործի վրայ ու թէեւ  այսօր էլ նրա տան զարդանախշ կտուրի կենտրոնական գմբէթին անծածան խոյացած են իշխանական տիտղոսի խոհրդանշան գունդն ու երկաթեայ դրօշը՝ երկրաչափական խոհրդանիշներով, որոնք ասես  յիշեցնում են «որմնադիրների եղբայրութեան»  սիմվոլները՝ այնուամենայնիւ, մնում են տակաւին առանց բացայայտումի բազմաթիւ  հետաքրքիր ու հարուստ էջեր՝ խորհրդաւոր տան նոյնքան խոր- հըրդաւոր տիրուհու կեանքից: 
-Կոմունիստական կարգերի հաստատումից յետո, Մարիամ Թումանեանն ու Սամսոն Բեկ  Յարութիւնեանը այս ամարանոցը յանձնեցին խորհրդային իշխանութեանը: Այն ժամանակին ծառայել է իբրեւ  հանրակացարան, այնուհետեւ  բնակարան, որի վերջին բնակիչներից էր ՀՀ վաստակաւոր նկարիչ Յովհաննէս Շարամբէեանը: 
Իշխանուհին մահացել է Թիֆլիսում, 75 տարեկան հասակում, երբեք չկորցնելով երիտասարդական աւիւնը: Նրա ժառանգներից այսօր Մոսկուայում է ապրում թոռնուհին, ռուսական անուն - ազգանունով մի գրող, ով յիշատակել էր տատիկին իբրեւ խստահայացք կնոջ, պատմելով, որ անգամ վախենում էր նրա կրծքային ծանր շնչառութիւնից…,- ասում է տիկին Անահիտը, ով իր կեանքն առանց այս թանգարանի չի պատկերացնում, երկու տասնամեակ է ինչ նրա ամէն օրը նուիրում է այս մշակութային օճախին: 
…Երեւի թէ նախախնամութեան կամքն էր, որ Շարամբէեանի պէս ազնիւ մտաւորականը  ապ- րեց այդ տանը, ում ամենամեծ վաստակը ներկայիս թանգարանի (1978 թուականից) Երեւանի եւ (1979 թուականից) Դիլիջանի մասնաճիւղերի գոյութիւնն է… Մարդ, որ ժողովրդական արուեստի նմուշներ հաւաքագրելով, յաճախ նաեւ  դրանք փրկելով կորստից՝ դիմեց ժամանակի իշխանութեանն ու նման թանգարան ունենալու հարց բարձրացրեց, հրաժարուելով դիլիջանեան  իր այդ բնակարանից, այն դարձնելով թանգարան, որն էլ հետագայում կրեց իր ստեղծողի անունը: Փրկուեց նաեւ Մարիամ իշխանուհու տունը… Եւ այսօր էլ՝ այն եզակի հնաոճ կառոյցներից մէկն է Հայաստանում, որ բարեբախտաբար անփոփոխ պահպանել է իր արտաքին ու ներքին տեսքը: Փայտաշէն  յատակն ու առաստաղները վաղուց ապրել են իրենց դարը, կարօտ են հոգատար ու սրտացաւ վերանորոգման  աշխատանքների, բայց թանգարանը այսօր էլ  մշտաբաց դռներով է դիմաւորում իր այցելուներին, որոնք հայկական ստեղծագործական մտքի ձեռակերտ ստեղծագործութիւնների հետ են առնչւում, տանելով իրենց հետ մի գունեղ, հայկական հեքիաթ եւ  իրականութիւն, ուր աներեւոյթ ապրում է խորհրդաւոր իշխանուհու կենդանի առասպելը…:

ԱՐՄԻՆԷ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆ
Յատուկ՝ «Ազատ Օր» ին համար
Երեւան - Աթէնք




Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/2495-2012-03-23-10-31-01
Категория: Мои статьи | Добавил: piro (2012-03-24) | Автор: Armine Meliq-Israyelyan E
Просмотров: 465 | Теги: Xorhrdavor Ishxanuhin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն