Գեղեցիկը ստեղծելու, ստեղծագործական նոր ասելիքով ներկայանալու փնտրտուքներով լի արարումի մեջ է երևի , որ ծնվել են ոճերը… Կատարելության ճանապարհների իր փնտրումը երիտասարդ ստեղծագործողի համար մասնագիտության ընտրության որոշում չէր սոսկ, այլ, իր հոգու երակներում պահված գույնի կտակը արարումի վերածելու պատասխանատվություն _ պահանջն էր, որ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժնի ուսանողուհուն դեռ տանելու էր Գեղարվեստի ակադեմիա, փնտրելու իր եսի բացահայտումները: Անվանի գեղանկարիչ մորեղբոր` Էդվարդ Սասունի վրձնահարվածների շեշտերը որպես <<մաստեր կլաս>> յուրացրած երիտասարդ նկարչուհու համար գեղեցիկի աշխարհը ավելի բյուրեղացած ու գաղտնիքներով լի մի անվերջություն է, ուր ասելիքի իր բաժինը այսօր զարդարվեստի վերածած երիտասարդ մոդելավորող, նկարչուհի Լուսինե Նիկողոսյանը ներկայանում է ինքնատիպության կնիքը կրող պերճանքի իրերի ստեղծմամբ: Նրա ամեն մի ստեղծագործություն, որը վինտաժային ոճի աշխատանքներ են, մեծ մասամբ զարդեր են մեկ օրինակից: Ձեռագիր կրող այս աշխատանքները առաջին հայացքից իսկ դասական արվեստի կնիքը կրող գեղեցիկ դետալներ են հիշեցնում, որոնք կրելն ու ունենալը առօրյայում անգամ `ինչ որ չափով անդրադառնում են անձի ներաշխարհի վրա. սկսում ես ավելի նկատել գեղեցիկը, թաքնված, միչ այդ պահը չընկալված, չնկատված… Լուսինեի աշխատանքների հմայքն ու գրավչությունը այն դասկանության շնչի պահպանումի մեջ է, որը նա զարմանալի ու միայն իր մտքին հասանելի ֆանտաստիկության եզրերից է նյութականացնում ու կյանքի կոչում, մետաղների, քարերի, տարբեր իրերի մասնատված մասնիկների միմյանց հետ ճիշտ համադրության շնորհիվ: Յուրահատուկ են հատկապես նրա գդալե պանակեները, բնավորությամբ և խառնվածքով միմյանցից խիստ տարբեր, գեղեցկությամբ խիստ յուրահատուկ, արծաթյա, ոսկեջուր գդալներ, որոնք առօրյա կենցաղից վերածվում են աչքի զարնող զարդի, դասականի, ավանգարդի միաձուլումով, որն էլ վինտաժ ոճի յուրահատկություններից է:
Հայկական գոյնի շարականաերգը, արարատեան ծիածանավառ երփներգութեամբ մի ինքնատիպ արուեստագէտի վրձնահարուածներով կտաւից կտաւ է սփռում հայկական գոյնի կոլորիտը:
Գոյն, որ բազմաշերտ է ու կայուն, ասելիքի թանձրացումների մէջ կրելով ու մեկնելով գեղեցիկի շռայլումները: Հատու վրձնահարուածներ, որոնք Շմաւոն Շմաւոնեան գեղանկարչի բնաշխարհի էլեգիան են թողնում կտաւին, իւրաքանչիւր դիտողի գրաւելով իրենց ինքնատիպութեամբ, ներկապնակի գունեղութեան ու հարստութեան համադրութեամբ, ուր լինելութեան դրոշմը դարերի խորքից է գալիս, շարականաերգ մեղեդիներով աւետելով «Արեգակն արդար՝ առ իս լոյս ծագեան»՝ ի աւետումն աշխարհի մարդկութեան, որոնցից իւրաքանչիւրի մէջ քնած թէ արթուն կայ բնութեան նախաստեղծ մասնիկը:
Այս մասնիկն էր, թերեւս, որ Հոկտեմբերի 1-ից 14-ը Կոստանդնուպոլսի յունական կենտրոն էր բերում այլադաւան ու այլազգի արուեստասէր հասարակայնութեանը, առնչուելու աշխարհի տարբեր երկրներում բազմաթիւ ցուցահանդէսներով ներկայացած անուանի հայ գեղանկարչի լոյսի ու բարութեան բնապաշտ արուեստի
Տաղանդաւոր ստեղծագործողի համար նիւթը միջոց է արտայայտելու համար իր ներքին կուտակումներն ու դրանց շնորհել արուեստի շունչ եւ ոգի, սեփական հիացումի զգացումները կիսելով շրջապատի հետ, ուր Մարիետա Մարտիրոսեան - Ալեքսանեանի աշխատանքները արժանացել են գնահատանքի եւ հիացումի: Իրենց աշխատատարութեան շնորհիւ՝ նրանք առաջին իսկ հայեացքից զարմացաց աչքերի սեւեռում են, յետոյ՝ գեղեցիկի արարումով տարուած իր ասեղնագործ գեղանկարների հարուստ աշխարհով հաղորդակցուող ստեղծագործողի հետ ջերմ զրոյց: Բնական թելերի գունեղ աշխարհը գեղանկարչական ստեղծագործութիւններին լուսանկարչական պատճէնահանում է ստեղծել. զարմանալի համբերութեամբ ու նուիրումով արուած այս աշխատանքներում զգացւում է բնական նիւթի՝ թելի ստեղծած ջերմութիւնը, որը ստեղծել է ասեղնագործ կտաւների մէջ մի իւրայատուկ մըթնոլորտ եւ կենսադաշտ, որը իր մեղեդայնութեամբ իր երգեցիկ աշխարհն է փոխանցում կտաւից - կտաւ: Թեմաների մէջ հայրենապաշտ է տիկին Մարիետան, բնապատկերներ, հայրենի եզերքին՝ լոռուայ բնաշխարհին նուիրուած շարքեր, Հայաստանի եկեղեցիների ու վանահամալիրների մեծածաւալ ասեղնագործ կտաւներ, ուր նրա ասեղի ու թելի վերապատկերումը անգամ փոխանցում է թէ տուեալ գործը ինչից է վերապատկերուած՝ լուսանկար, գրաֆիկական աշխատանք, իւղաներկ կտաւի ասեղնագործ բնօրի- նակ եւայլն… Իւրաքանչիւր աշխատանք բաւականին մեծ ջանք է պահանջում, վեց ամսեայ անդադար աշխատանք, որ ասեղի ու թելի զրոյցով տիկին Մարիետայի մատների հպումով նրա արարող էութեան մասնիկն է դրել իւրաքանչիւր ասեղնագործ կտաւի մէջ: Յիրաւի համբերանքի մեծ չափաբաժին պէտք է ունենալ, մեծ սէր հանդէպ այն գործին, որ անում ես ստեղծելու համար այդօրինակ ծաւալի ու պատկերային առումով ոչ դիւրին աշխատանքներ:
Հ այրենիքից հեռու, կեանքի ու ճակատագրի անիմանալի քմայքներին տրուած բազում արւեստագէտներից մէկն է լեհաստանաբնակ գեղանըկարիչ Տիգրան Վարդիկեանը:
Գիւմրեցու արմատներ կրող հայի ստեղծագործ տեսակը կրող մի անհատականութիւն՝ ում ստեղծագործական աշխարհին փոքր ինչ առնչուելով արդէն կարող ես յայտնուել ասելիքի, կուտակումների, կեանքի փիլիսոփայութեան, սիրոյ ու տառապանքի, պայքարի ու յուսալքումների մի անհաւանական թանձրացումներ, որոնք կարծես ժամանակի ձագարով անցել ու զտուել են նրա կտաւներին թողնելով մի ներաշխարհ՝ ուր ամէն մի ասելիք ենթաշերտային է ու հարուստ յոյզի, ապրումի եւ իրականութեան շաղախով: Բարդ կառուցուածք ունեն նրա ստեղծագործութիւնները, որոնք իրենց էսթետիկական գրաւչութեան մէջ ստիպում են դիտողին բացայայտել մի գաղտնիք, որը կտաւի ներսում է՝ թանձր գուներանգների ու հեքիաթային, երազային աշխարհից իրականութեան զարկերակին նստած էակների շարժման մէջ, ստեղծագործողի մուսան, թէ կեանքի ու առօրեայի թերի դէմքերն ու մարդկային բարդ ու հակասական յարաբերութիւնները Վարդիկեանի կտաւներում գալիս են մի հանրագումարի՝ փիլիսոփայական ներդաշնակութեան, իրենց ներկայութեամբ հաստատելով լոյսի ու ստուերի յաւերժական անհրաժեշտութիւնը եւ այդ ամէնն ի վերջոյ միտուածն յանուն գեղեցիկի…
Արմաւիրի մարզում գտնուող սահմանային Բերքաշատ գիւղի նորակառոյց եկեղեցին տեղաբնակ բարերարի՝ Խաչիկ Խաչատրեանի աստուածահաճոյ ձեռնարկումի շնորհիւ համայնքի կեանքում տեղի ունեցած վերջին եւ միակ արտառոց իրողութիւնն է գիւղի երկարամեայ կենսագրութեան մէջ:
Սուրբ Խաչ եկեղեցին ճարտարապետ Խաչիկ Դանիէլեանի հերթական աշխատանքներից է, ուր նրա հայեցի միտքը լիարժէքօրէն համապատասխանել ու բխել է հայ եկեղեցաշինութեան աւանդական ու դասական կանոններից: Մէկ տարի դեռ չկայ ինչ գործում է նորակերտ Սուրբ Խաչը, պատարագ, կնունք, հարսանիք, եկեղեցական ծէսեր ու հաւատացեալների կիրակնամուտեան մոմավառութիւններ… Արտաքին ամրութեանն ու խրոխտ տեսքին եկեղեցու դռներից ներս փոխարինում է քրիստոնէական խոնարհումի ու մարդասիրական վեհագոյն զգացումների աստուածընկալ աշխարհը: Կամարակապ սիւների արանքներով ներս թափանցող արեւի շողերը խորհըրդաւոր լուսաւորութեամբ են պարուրում խորանը ուր նրա գորովանքի թագաւորութիւնն է՝ Տիրամայրը…
Խաչաձեւ ասեղնակար հպումներ կտորին ու … Արփի Աւդալեանի համբերատար եւ տեւական աշխատանքի արդիւնքը՝ հրաշք ստեղծագործութիւններ, ծնուած նրա մտքի սահմաններ չունեցող պըրպըտումներից,
հոգեւորի, վեհի, գեղեցիկի լուռ խնկարկում, ուր յիշողութեան ու կարօտի նրբաթելերը հասել են մինչ վաղամեռիկ հօր՝ Աշոտ Աւդալեանի պոէտական աշխարհը ու այսօր ներկայանում են մի նոր արեան դաշն կնքած՝ ստեղծագործական փշաքաղող ծաղկումներով:
Համամարդկային է միայն արուեստի լեզուն եւ գուցէ Աստուած մարդ արարածին ստեղծագործելու շնորհ տուեց՝ իբրեւ իր այլադաւան ու այլալեզու ստեղծածներին յարաբերուելու մի լուսաւոր ճանապարհի հնարաւորութիւն թողնելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ Իրանի «Սաթի» միջազգային բեռնափոխադրական ընկերութեան աջակցութեան շնորհիւ «Խաւարից այն կողմ» բարեգործական համերգների շրջանակում «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում Հոկտեմբերի տասնչորսին հայ երաժտասէր հասարակութիւնը հաղորդակից դարձաւ մի արուեստագիտուհու, ով ոչ միայն իր տաղաղանդով այլեւ մարդկային տեսակով ու կեցուածքով պատկանում է բացառիկների դասին, որին որդեգրւում են կենսագրութեամբ: Իրանի օփերային թատրոնի հնչեղ ձայն, «Աշխարհի Ոսկէ Երգ» եւ «Բարի Կամքի Դեսպան», մեցցօ սոփրանօ տիկին Փարի Զանգիանէի կատարողական արուեստին, ում մեղմ եւ հաճելի ձայնը յայտնի է ոչ միայն ազգային այլեւ միջազգային երաժշտական բեմերում: Խանումէ Զանգիանէին կը նուագակցի նրա դաշնակահարուհին՝ Նազլի Բախշայեշը, ով տարբերերկրներում ունեցած համերգների ժամանակ նուագակցել է երգչուհուն: Նազլի Բախշայեշը նաեւ յայտնի տավղահար է, Թեհրանի «Մեհրնավա» նուագախմբի ղեկավարն է, որը տարբեր երկրների երաժշտական փառատօնների մասնակից է եւ‘ մրցանակակիր:
Երեւանի Յովհաննէս Շարամբէյեանի անուան ժողովրդական ստեղծագործական կենտրոնում բացուել էր «Երկխօսութիւն բնութեան հետ» խորագիրը կրող ինքնատիպ ցուցադրութիւնը, ուր ներկայացուած էր փորագրիչ Սուրէն Աւագեանի ինքնատիպ հաւաքածուն:
Բնութեան փոխակերպումներ յիշեցնող փայտէ քանդակներն իրականում բնաստեղծ են, առանց մարդկային մտքի ստեղծագործական միջամտումի: Հիմնականում ընկուզենի ծառի ելուստները հաւաքելն ու կեղեւազատելով արտասովոր գեղեցկութեամբ այս իւրայատուկ քանդակաշարքը հաւաքագրելը՝ Աւագեանի հիմնական զբաղմունքն է մօտ մէկ տասնամեակ: Նրա երկխօսութիւնը բնութեան հետ բաւականին արտասովոր պայմաններում սկսուեց.