Воскресенье, 2025-02-02, 11:35 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

Անահիտ Ցիցիկեան - 85 - ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ԵՒ ՀԱՒԱՏԱՒՈՐ ԱՐՈՒԵՍՏԱԿԻՐԸ…

Անահիտ Ցիցիկեան - 85 - ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ԵՒ ՀԱՒԱՏԱՒՈՐ ԱՐՈՒԵՍՏԱԿԻՐԸ…

…Նա ապրեց աթեիզմով ¥անաստուած¤ շնչող մի ժամանակաշրջան, մի երկրում, ուր ամբոխներին համախմբողը պայծառ ապագայի անտես տեսլականին ուղղուած յեղափոխական պաստառներից ամէնուր կախուած հրաման - կոչերն էին, յստակեցուած հասարակարգի կարմիր օրէնքներով…


… Ապրեց ու արարեց թողնելով ժամանակների բիրտ հրամայականներն անտեսող արուեստագէտի իր տեսակը, ով թէ իր կատարողական հարուստ կենսագրութեամբ, երաժշտագէտի ասելիքով ու հայ երաժշտական գործիքների պատմութեան ծագումնաբանութեան իր բացառիկ ու գնահատելի ուսումնասիրութեամբ, եղաւ հիմնադիրը նոր առարկայի…
Երեւանի Կոմիտասի անուան Կոնսերվատորիայում (երաժշտանոց) դասաւանդեց շուրջ հինգ տասնամեակ, աճեցնելով նոր մի սերունդ կատարողական ասպարէզում, շռայլօրէն նուիրելով իր անսպառ գիտական կարողութիւնները… Աշխարհի շատ երկրներում հնչեց նրա անզուգական ջութակը, մի քանի լեզուների վարժ տիրապետումի շնորհիւ քանի - քանի դասախօսութիւններ հնչեցրեց արտասահմանեան երկրներում՝ նուիրուած հայ երաժշտարուեստին…
Ազնուականուհու արտաքին ու ներքին հմայքով, իր ջութակին խոնարհուած հաւատաւոր արուեստակիրը՝  Անահիտ Ցիցիկեանը չսպասեց բարձրագոչ կոչումների ու պարգեւների, ապրեց մերձ արուեստի իր վերերկրային տիրոյթներին… Ապրեց իր ամէն մի օրը իբրեւ բարեպաշտ մի քրիստոնեայ՝ առանց իսկ դաւանաբանական փիլիսոփայութիւններով իր տեսակը ամրապնդող հաւատացեալի կրօնապաշտական արարողութիւնների… 
Այսօր էլ ինքնատիպ այս արուեստագիտուհու յարկի տակ հիւրընկալուող ամէն ոք կարող է վայելել նրա հոգեւոր ներկայութիւնը, անգամ լսելով նրա դստեր՝  Նունէ Շամախեանի համես¬ տութեամբ պարուրուած պատմութիւնները անցեալ դարի հայ երաժշտական կատարողական ասպարէզի վաստակաշատ ջութակահարուհու, կնոջ, մօր եւ ընդհանրապէս նրա մարդկային նկարագրի մասին, որոնց մէջ ամբողջանում է մարդ եւ մտաւորական ներդաշնակ մի կերպար, ուր հաւասարազօր բարձրունքի վրայ են ճշմարիտ քրիստոնեան ու հաւատավոր արուեստակիրը…
Լինելով ժամանակի հայ աղեղնային արուեստի լաւագոյն կատարողներից մէկը՝ նա իր բազմաթիվ երա¬ ժըշտագիտական ռատիոհաղորդումներով ու յօդուածներով ներկայացնում էր թէ՛ երիտասարդ եւ թէ՛ իրենց ասելիքն ունեցող ջութակահարների, առանց մասնագիտական խանդի…
Անահիտ Ցիցիկեանը հայ կոմպոզիտորների (յօրինողների), աղեղնային արուեստի կատարողական հարուստ անունների լաւագոյն մեկնաբանն ու ներկայացնողն էր: Շատ են անուանիները, որոնց առաջին ներկայացնողներից էր Անահիտ Ցիցիկեանը…
Ժան Տէր Մերկերեան… անուն, որը յայտնի է ու սիրուած, անուն, որ դասական է իր կենդանութեան ժամանակ… Բայց մի՞թէ փնտռուածների ու լեգենդների ուղին նրանց ձեռքբերումների հանրագումարը դարձած այսօրուայ պէս հարթ էր ու դիւրին…
Մեծ ներգաղթի տարիներին՝ 1946 - 1948 թուականներուն  նա Ֆրանսիայից Հայաստան եկաւ ուսանելու, իբրեւ  մի սփիւռքահայ երիտասարդ, որին ինչպէս իր միւս բախտակիցներին սպասում էր հասարակարգի ներքին անվստահութիւնը… Ներքին անբարեացակամութիւնը, իհարկէ, տեղացիների խօսակցականով «ախպարների»  հանդէպ դրսեւորուող մարդկային ամենապարզ նախանձն էր իր քաղքենիական դրսեւորումներով, որոնք երբեմն հիասթափութիւնների տեղիք             կարող էին տալ  ստեղծագործողին սեփական հայրենիքում…
Այսօրուայ տերմինաբանութեամբ «փիառ» (PR - քարոզչական)  ասուած երեւոյթը այլ ձեւաչափեր ունէր սովետական երկրում. Ռատիոհաղորդումներ, յօդուածներ տեղական եւ մոսկովեան կենտրոնական մամուլում, մի խօսքով հասարակական կարծիքի ձեւաւորման, մասնագիտական ոլորտների վրայ ազդելու պատասխանատու միջոց, ուր բաւականին մեծ դեր էր խաղում այդ ամէնը ներկայացնող հեղինակի անունն ու ով լինելը: Յայտնի ջութակահար Ռուբէն Ահարոնեանի  մասին միայն երեսուն անուն յօդուած պատկանում է Անահիտ Ցիցիկեանի գրչին ու երաժշտավերլուծաբանական մտքին: Եւ այսպէս բազմաթիւ անուններ, որոնք իր կոլեգաներն էին, իր եւ  հակառակ սեռի կատարողներ:
Անահիտ Ցիցիկեանի գրիչն ու մասնագիտական կարողութիւնները երաժշտավերլուծական ասպարէզում բացայայտումների նոր մի ճանապարհ էին բացելու: Երաժշտական գործիքների ծագումնաբանութեանը նուիրուած նրա բացայայտումներն ժամանակին մեծ արձագանգներ առաջացրեցին երաժշտական հնագիտական ասպարէզում: Տասնամեակներ առաջ, ջութակ գործիքի մասին նրա վերջին սենսացիոն ուսումնասիրութիւնն, օրինակ՝ փաստացի ապա¬ ցուցում էր, որ Իտալիան ամենեւին էլ աղեղնային գործիքների արքայի՝ ջութակի ծննդավայրը չէ, նրա խանձարուրը եւ  առաջին ձեւաւորման օրրանը դա Հայաստանն է: Հնագոյն աղբիւրների հիման վրայ արուած այս եզրայանգումը բաւականին մեծ արձագանգ   ստացաւ ժամանակի երաժշտական ու գիտական ոլորտներում: Նա աշխարհին ներկայացնում էր հայ կատարողական արուեստն ու նրա հրաշալի անուններն ու գործերը իր խօսքով, գրիչով եւ աղեղով… Ցիցիկեանն այն իւրայատուկ երաժիշտ եւ կատարողներից էր, ում հասու էր դասաւանդելու շնորհը, նա երկար տարիներ դասաւանդելով Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիա¬ յում ստեղծեց դասաւանդուող առարկայ ու սերունդ կրթեց, որոնց մէջ քիչ չեն անուանիները… Այս ամէնով հանդերձ Անահիտը առաջին հերթին բացառիկ մարդ էր, իր խառնուածքով ու էութեամբ… Ազնուականութիւնը երակներում էր, արեան մէջ, որին գումարուել էր տիեզերական  մեղեդայնութեան աշխարհին մերձ լինելու շնորհը: Մօր հետ 40- ականներին, յայտնի բլոկադայի՝ շրջափակման տարիներին Լենինգրադից  Հայաստան տեղափոխուած աղջնակը շարունակում էր հասակ առնել ու կրթուել բանիմաց բժիշկ մօր՝ յայտնի ակնաբուժ   Հերցելեա Համբարձումովնա Ցիցիկեանի /ով ժամանակի առողջապահութեան մինիստր (նախարար) Նարիմանովի հրահանգով դարձաւ առաջին հիմնադիրներից մէկը ներկայիս Աբովեան փողոցի վրայ գտնուող ակնաբուժական հիւանդանոցի  / եւ տնային դայակ- ուսուցիչների շնչի ներքոյ մեծացող աղջնակը վարժ տիրապետում էր մի քանի լեզուների, որոնցով հետագայում, արտասահմանում եղած տարիներին դասախօսութիւններ էր կարդալու՝ ներկա¬ յացնելով հայ դասական կատարողական արուեստն ու նրա յայտնի անուններին: Արտաքին զուսպ կեցուածքի տակ ապրում էր նրա զգայուն հոգին, որը պատրաստ էր ամիսներ շարունակ խնամել շքամուտքում յայտնուած վիրավոր շանը, թոյլ չտալով, որ կենդանուն նեղացնեն… Անգամ բակի ամէնաչար տղան, ով յայտնի էր իբրեւ վատ վարք ու բարքի տէր անչափահաս յանցագործը՝  Ցիցիկեանի բարեսրտութեան ու նրա մարդկային ջերմ մօտեցման շնորհիւ թողել էր փողոցն ու ոչ աւել ոչ պակաս սովորել էր ջութակ նուագել բարեսիրտ ուսուցչի հսկողութեամբ ու անմիջական պարապմունքների շնորհիւ… Պատանի, որից բոլորն էին խորշում ազնուական գործիքի շնորհիւ ի դերեւ էր հանել այն գեղեցիկը, որը թէկուզ խորը թաքնուած, բայց կայ անգամ վերջին յանցագործի մէջ եւ  կարօտ է բացայայտման:
Նա՝ հրաշալի կին ջութակահարուհին, ում անզուգական «Կռունկը»  մնաց  չափանիշային կատարողական արւեստում, նոյն ոգեւորութեամբ ու տարերքով էր հնչեցնում իր ջութակն անգամ հեռաւոր գիւղերի բանուորական զանգուածներին ունենալով ունկնդիր, յաճախ դառնալով երաժիշտ ընկերների բարի կատակների թիրախը…
Նրա համար արուեստին մերձեցնելու մղումը հաւասարապէս բոլորի վրայ էր տարածւում, Անահիտի շրջապատում ազնուանում էին մարդիկ,  իւրայնանում… Խարիզմատիկ էութեամբ այս տաղանդաշատ արուեստակիրը հարազատ էր նրանց, ովքեր իրենց կեանքում ընդամէնը րոպեների զրոյց էին ունեցել նրա հետ, բայց Անահիտ Ցիցիկեան անունը լսելիս կարող են այսօր էլ այնպիսի ջերմութեամբ ու մտերմութեամբ արձագանգել, ինչպէս տարիների ընկերներն ու իւրայինները…
Անահիտ Ցիցիկեանի շնորհիւ  բազմաթիւ հայ անուանի մարդկանց, կատարողների արխիւներ բերուեցին  Հայաստան եւ յանձնուեցին թանգարաններին: Սիրուած արուեստագիտուհին այսօր ունի իր կեանքի ուղին ամփոփող գիրք, խնամքով գրուած եւ  հրատարակուած դստեր՝ Նունէ Շամախեանի ձեռքով: Երախտագէտ զաւակի վերաբերմունք չէ սոսկ Նունէի վերաբերմունքն ու ամէն տարի նոր մի գործով մօր եւ արուեստագէտի յիշատակն ու անունը բարձրաձայնելը:
Այլ՝…
-Նայում եմ նրա ապրած կեանքին, ողջը քրիստոնէական օրէնքներով ապրած մարդ, ով իր մէջ արուեստն էր կրում ու նրա լոյսը տարածում ամենուր: Լաւ ընտանիք էր ստեղծել:Հայրս ու մայրս շատ կապուած ամուսիններ էին:Մայրս խոնարհ կին էր, երբեք չենք տեսել, որ վիճէին: Տանը միշտ կարգ ու կանոն էր: Երկու դուստր էին դաստիարակել: Հիւրեր յաճախ էին լինում մեր տանը, ամենագեղեցիկ սպասքն էր դրվում՝ մօրս պատրաստած ճաշակով սեղանին նրա պատրաստած իւրայատուկ ճաշատեսակներն էին, որոնք միշտ զարմացնում էին: Արուեստի ու բարի տրամադրութեան մթնոլորտն էր իշխում այդ ճաշկերոյթներին… Նա բոլորի հանդէպ էր բարեացակամ, չարութիւն չկար իր մէջ:Ակադեմիկոս Պյատրովսկու հետ էլ կարող էր նոյն կերպ շփուել Կոնսերվատորիայի հաւաքրարի հետ էլ, ով իր ընտանեկան խնդիրներով կիսիում էր նրա հետ… Անկեղծ խորհուրդներ էր տալիս, առանց գոռոզութեան, տրամադրելով դէպի բարին…Անահիտ Ցիցիկեանը ներքին լոյսով էր լուսաւոր մարդ եւ արարող տեսակ, որ մահից յետոյ անգամ չի դադարում իր թողած ժառանգութիւնից մի նոր, կամ լաւ մոռացուած արժէքաւոր բան ի դերեւ  հանել, յուշել, որ ամէն ինչ շարունակութիւն ունի, հոգեւորը դեռ շարունակւում է, - ասում է ջութակահարուհու դուստրը, ում յուշերում մարմնանում է ար¬ ւեստագէտ մօր կերպարը…
Նա մոլեռանդ քրիստոնեայի նման ամէն շաբաթ չէր այցելում եկեղեցի, աղօթում, մոմ վառում, բայց ապրեց իբրեւ ճշմարիտ քրիստոնեայ՝ իր տեսակով ապացուցելով, որ քրիտոնեան դա մարդկային տեսակ է ու որակ, այն ապրելակերպի դրսեւորում է, որ յատուկ է ոչ բոլոր իրենց քրիստոնէական հաւատի հետեւորդ համարող մարդկանց… Ապրել Աստծոյ պատուիրաններով, առանց մտածելու անգամ դրանց մասին, առանց երկիւղի, երկնային պատժի արժանանալու կամ՝ հակառակը, արքայութեան դռների մօտ յայտնուելու տեսլականով… Սա յատուկ է ներքին լոյսով օժտուած արարածներին, որոնք մանանայի նման շաղուած են մեր մէջ ու յաճախ նաեւ դուրս փառքերի ու պատիւների արժանանալու իրենց արժանի կոչումներից…Անահիտ Ցիցիկեանն այդպիսին էր… Չեր դատում անգամ նրանց, ովքեր ցաւեցրել էին իրեն, չէր հակադարձում չարը, չէր նկատում…  Նա ապրելու եւ ստեղծելու իր ինքնայատուկ օրինաչափութիւններն ունէր, որոնց մասին անգամ չէր էլ բարձրաձայնում, դա նրա լեցուն ապրած կեանքն էր, նրա թողած մեծ ժառանգութիւնը երաժշտագիտական ասպարէզում, նրա խոնարհ անունն ու մեծ վաստակը, մարդկային տեսակը, որ այսօր էլ կենդանանում է 85-ամեայ կենսագրութեամբ, իբրեւ անցեալ դարի դասական արուեստի հայ կին մտաւորականներից մէկի ամբողջական դիմանկար, ուր ոչինչ խունացած չէ, այլ՝ անցնող ժամանակը նոր, ազնուական գծեր է բացայայտում եւ  հարստացնում՝ տարիների հեռուից գնահատելով այն մնայունն ու արժեքաւորը, որը կարող է  թողնել իրենից յետոյ Ճշմարիտ քրիստոնեան ու հաւատաւոր արուեստակիրը…

Արմինէ Մելիք- Իսրայէլեան
արուեստաբան



Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/2065--85
Категория: Мои статьи | Добавил: piro (2012-02-04)
Просмотров: 612 | Теги: ANAHIT CICIKYAN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն