Воскресенье, 2025-02-02, 11:41 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՐՓՆԵՐԳՈՒԹԻՒՆ - Հայրենի գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանի իւրայատուկ ցուցահանդէսը Պոլսոյ մէջ

ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՐՓՆԵՐԳՈՒԹԻՒՆ - Հայրենի գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանի իւրայատուկ ցուցահանդէսը Պոլսոյ մէջ

 

Հայկական գոյնի շարականաերգը, արարատեան ծիածանավառ երփներգութեամբ մի ինքնատիպ արուեստագէտի վրձնահարուածներով կտաւից կտաւ է սփռում հայկական գոյնի կոլորիտը:

Գոյն, որ բազմաշերտ է ու կայուն, ասելիքի թանձրացումների մէջ կրելով ու մեկնելով գեղեցիկի շռայլումները: Հատու վրձնահարուածներ, որոնք Շմաւոն Շմաւոնեան գեղանկարչի բնաշխարհի էլեգիան են թողնում կտաւին, իւրաքանչիւր դիտողի գրաւելով իրենց ինքնատիպութեամբ, ներկապնակի գունեղութեան ու հարստութեան համադրութեամբ, ուր լինելութեան դրոշմը դարերի խորքից է գալիս, շարականաերգ մեղեդիներով աւետելով «Արեգակն արդար՝ առ իս լոյս ծագեան»՝ ի աւետումն աշխարհի մարդկութեան, որոնցից իւրաքանչիւրի մէջ քնած թէ արթուն կայ բնութեան նախաստեղծ մասնիկը: 

Այս մասնիկն էր, թերեւս, որ Հոկտեմբերի 1-ից 14-ը Կոստանդնուպոլսի յունական կենտրոն էր բերում այլադաւան ու այլազգի արուեստասէր հասարակայնութեանը, առնչուելու աշխարհի տարբեր երկրներում բազմաթիւ ցուցահանդէսներով ներկայացած անուանի հայ գեղանկարչի լոյսի ու բարութեան բնապաշտ արուեստի

 

- Պատմական հայրենիքի մշակութապաշտ քաղաքներից մէկում, ուր ժամանակին հայ արուեստագէտների մի հիանալի փաղանգ է ապրել ու ստեղծագործել, առաջին անգամը չէ, որ ներկայացաք ձեր ստեղծագործութիւններով, ինչպիսին էին տպաւորութիւնները յատկապէս Թուրքիոյ արուեստասէր հասարակութեան կողմից վերջերս թուրքահայ մամուլում բաւականին հնչեղութիւն ստացած ձեր երրորդ ցուցահանդէսի վերաբերեալ:

Ցուցահանդէսի բացման ներկայ եղաւ յոյն ուղղափառ 
տիեզերական պատրիարք Պարթոլոմէոս սրբազանը:

Ցուցահանդէսը կազմակերպուել էր «Ակօս» թերթի աշխատակից, այժմ «Փարոս» ամսագրի խմբագիր Մայտա Սարիսի կողմից, ով տարիներ է ինչ ծանօթ է իմ ստեղծագործութիւններին եւ բաւականին բարձր է գնահատում իմ արուեստը: Հրաւէրքով մեկնեցինք ես եւ կինս, ներկայ գտնուելու իմ ցուցահանդէսին, որը Պոլսի Թաքսիմ հրապարակին կից գլխաւոր փողոց- ներից հայերէն թարգմանութեամբ Փերիի փողոցի վրայ գտնուող յունական կենտրոնում էր, հսկայական յայտագրով… Բաւականին բարձրարուեստ մօտեցում էր ցուցաբերուել ցուցահանդէսի կազմակերպմանը, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներից: Գնահատելի էր այն փաստը, որ բացմանը ներկայ էր յունական թեմի տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, քանի որ յունական դեսպանատանը պատկանող կենտրոնում էր բացումը եւ ինքն էլ հրաւիրւած էր, ինչպէս նաեւ բարձրաստիճան այլ հոգեւորականներ եւ յայտնի մտաւորականներ հայ եւ թուրք այցելուներ, տեղացիներ եւ այլազգի զբօսաշրջիկներ, որոնց այդեղ էր բերել արուեստը:

- Վերջին շրջանում ձեր արուեստի նկատմամբ մեծ է հետաքրքրութիւնը յատկապէս հոգեւոր շրջանակներում, վերջերս ՀՀ հիւպատոսի կողմից Հռոմի պապին նուիրաբերուած ձեր ստեղծագործութիւնը այժմ փակցուած է Վատիկանում: Բարդուղիմեոս պատրիարքը բաւականին համարձակ հոգեւորա- կան է եւ բազմիցս է հանդէս գալիս Թուրքիայում քրիստոնեաների դէմ կատարուող անարդարութիւններ դէմ, որոնք ժողովրդավարութեան նորմերին են դէմ: Հայ, յոյն, թուրք… փաստօրէն այցելուների առումով էլ բաւականին գունեղ է եղել ցուցահանդէսը: Յատկապէս թուրք այցելուին ինչն էր բերել ցուցահանդէս: Ինչ էիք մտածում հայկական գոյնի ու բնանկարի առաջ կանգնած մեր հարեւանին նայելիս: 

Հայ, թուրք, յոյն նրանք բոլորը արւեստի հետ առնչուող մարդիք էին ինձ համար, ովքեր այցելելով նաեւ հետագայ օրերին գալիս էին առնչուելու գեղեցիկի հետ, նրանք ազգութիւն չունէին այդ պահին եւ դա չէր կարեւորը ինձ համար թէ իմ նկարի առաջ հիացմունքը դեմքին կանգնած անձը ով է, այլ այն, որ նա մէկն է այն բազմաթիւ մարդկանցից, ում մէջ իմ արուեստը ինչ որ հոգեհարազատ բան է գտնում, ինչ որ անբացատրելի զգացում է առաջացնում, ցանկութիւն առնչուելու, ունենալու այն… Հոգեւոր իր լոյսն է գրաւում, սէրը, բարութիւնը, որոնք համամարդկային են, օրինակ, տարիներ առաջ ես մի գործ նուիրեցի Գլենդել Մեմորիալ հիւանդանոցին,կոչւում է «Յոյս», ցանկութիւնս էր, որ հիւանդները անգամ ամենաանելանելի վիճակում յոյսը չկորցնեն ու նայելով իմ ստեղծագործութեանը դրական լիցքեր ու էներգիա ստանային նրանից: Մարդկանց ուրախութիւն եւ յոյզ պէտք է տալ… 

- Այս ցուցահանդէսում եղա՞ն գնորդներ… 

Այո, ինչպէս բոլոր ցուցահանդէսներում, նրանց մէջ նաեւ թուրքեր, մտաւորականներ, ովքեր բաւականին բարձր կարծիքներ արտայայտեցին իմ ստեղծագործութիւնների մասին: Եւ իհարկէ ուղղակի այցելուներ, ովքեր անտարբեր չէին եւ հիացմունքի բառերով էին հեռանում ցուցասրահից:

Հայկական եկեղեցի մը պատկերող Շմաւոն Շմաւորեանի 
նկար մը նուիրուած է Վատիկան: Նկարը ստանձնած էր Հռոմի նախկին պապ Պենետիքթոս

- Ասացիք, որ գնորդների մէջ եղան նաեւ ազգութեամբ թուրքեր, իսկ «եան» ազգանուան մասնիկը  չէր խանգարում նրանց ունենալու այն ՝ ինչը տիպիկ հայկական կոլորիտ ու բնապատկեր է կրում իր մէջ, պատկերի, կերպարի մէջ ունենալով խորը տիպային առանձնայատկութիւններ, որոնք յատուկ են մեր միջնադարեան հոգեդաշտին, որով լեցուն են յատկապէս ձեր նայադների, սրբուհիների ու ոգեղէն էակների պատկերող շարքերը: Ի դէպ նրանցից մէկը հէնց ցուցապաստառի վրայ էր պատկերուած: Շփումների մէջ ձեր արուեստագէտի խորաթափանցութիւնը կարողացաւ տարուբերել կեղծ հանդուրժողականութեան եւ անկեղծ հիացումի սահմանները, որն էր առկայ իրականում:  

Ազգանունս եւ ազգային պատկանելութիւնս բնաւ խոչընդոտ չհանդիսացան, այստեղ դրուած չէր Հայաստանի եւ Թուրքիայի հարցը, այստեղ ներկայացուած էր արուեստը եւ նա էր առաջնայինը, կրօնական պատկանելութիւնը խոչընդոտ չէր, մարդիք   նկարչութեամբ էին հիացած, կատարողականով, ոճով, որը իրենց համար նորութիւն էր գուցէ: Բոլոր ժողովուրդների համար էլ արուեստի մէջ գեղեցիկը եւ արժէքաւորը առաջնային է: Արուեստի սահմանները բաց են ու գեղեց- կութիւնը մէկն է աշխարհում, որտեղ կայ մարդ արարածը, դասակարգումը որ երրորդական հարց է այս պարագայում:

 

- Այնուամենայնիւ, պրն. Շմաւոնեան, չկար ձեր մէջ հայկական գոյնը վեր բարձրացնողի այն յաղթողի զգացողութիւնը, որ ի վերջոյ պատմական հայրենիքի մէջ, մի ցուցասրահում ի ցոյց են դրուած քո Արարատները, քո ազգային արմատներն, ներաշխարհին յատուկ ընկալումները… 

Այստեղ խնդիրը լինելութիւնն էր, հաստատումը, որ մենք շարունակում ենք արարել… եւ այդ յաղթողի զգացողութիւնը նրանով էր յագեցած, որ մարդիկ, ուղղակի խոնարհւում էին այն արուեստի առաջ, որը ես ներկայացրել էի… Չեմ կարող պատկերացնել արուեստագէտի համար մէկ այլ առաւել մեծ զգացում: Այցելութիւնները բոլոր օրերին մարդաշատ էին, մարդիք մօտենում էին, հարցեր տալիս իմ արուեստից եւ մասնաւորապէս տպաւորուած էին իմ գունեղութեամբ, ուրախութեան այն զգացողութեամբ, որ ստանում էին կտաւներից, տեղնիկայի մասին էին հարցնում…

- Փաստօրէն, ստացուե՞ց չքաղաքականացնել արուեստը… 

Այո, այստեղ ուշադրութեան կենտրոնում արուեստն էր, բնականաբար գիտէին, որ հայ եմ, գիտէին պատմութիւնը, բայց «Բնութեան հրաշքները», այդ համամարդկայնացնող խորագիրը կրող ցուցահանդէսը իւրաքանչիւրի մէջ աւելացրեց այն լոյսը, այն գեղեցիկ երանգը, որ կարող է մարդ ստանալ բարու եւ հոգեւորի հետ առնչուելիս, ինչն էլ ինքնին գալիս է բնութիւնից: Պէտք է բոլորին առնչել դրա հետ, թող տեսնեն, փափկեն, հոգեպէս հարստանան, յղկուեն… թէպետ բաւականին զարգացած են, ներսից տեսնելը մի բան է, դրսից հայեացք ուղղելը՝ այլ…

- «Ազգերի մէջ մակարդ է հայը», … Սարոյեանական մտքերը յիշեցրիք վարպետ…  

Այո մենք պէտք է այնքան ուժեղ լինենք, այնքան հաստատուն, որ կարողանանք մեր արժէքները ի ցոյց դնել, ճանաչելի եւ ընդունելի դարձնել: Սա մեր իրական յաղթանակը կը լինի, արուեստի յաղթանակը ամենամեծն է, ամենաթանկը, ամենադժուարինն ու ամենաարժէքաւորն ու մնայունը: Ցուցահանդէսի ժամանակ մի պատկառելի հայ մտաւորական մօտեցաւ ինձ եւ իր կարծիքն ու հիացմունքը յայտնեց, մասնաւորապէս նշելով, որ իմ ցուցահանդէսը գտնւում է իր բառերով ասած՝ «սարսափելի կենտրոնում» եւ որ այսքան այցելուներ որ եկել էին, ամենեւին պարտաւոր չէին գալու, ուրեմն, ընդունել են քեզ, որ եկել են… Ասում էր, որ ինքը հպարտ է…  

- Համարեայ բոլոր հայ նկարիչները, նաեւ ժամանակի հրամայա-կանով, լինի Հայաստանում թէ սփիւռքում, ամենուր եթէ կայ հայ նկարիչ, ուրեմն՝ թեմատիկա, ուրեմն՝ ցեղասպանութիւն, անպայման դա կայ թեմատիկ շարքերի մէջ, արտայայտուած բաւականին ցաւոտ տեսարաններով, քո ստեղծագործութիւններում կայ միջնադարեան հայկական տաղերգութիւնը, կայ գոյնը, կայ Կոմիտասը, բայց ոչ խելագարուած Կոմիտասը, այլ Կոմիտասի գոյնն ու մեղեդին…  

Անպայման չէ արիւն եւ ցաւ պատկերել, ապրելու համար… Ես գտնում եմ, որ լոյսով, ուրախութեամբ, հզօր լիցքերով պէտք է յաղթահարել ցաւը, ապրել մեր ստեղծածով, իսկ մենք ստեղծել ենք հազարամեակներով եւ հիմա էլ պէտք է ուժեղ զգանք մեզ եւ զգացնել տանք գեղեցկութեամբ, մշակոյթի լաւագոյն ձեւերով, որը ընդունելի լինի, տեսանելի լինի, որպէսզի ամէն մարդ տեսնելով ասի՝ դա ես եմ: Դրանով մենք իսկապէս յաղթած կը լինենք ամէն ինչում: Այն ինչ եղել է, պատմութիւնը վկայում է, փաստերը խօսում են, հիմա ժամանակն է մեր լինելութիւնը ի ցոյց դնել այնպէս, որ խոնարհուեն մեր ստեղծածի առջեւ եւ ընդգրկուեն դրա մէջ: Այս է խնդիրը եւ միակ ճանապարհը իմ կարծիքով: 

- Ազնուական արմատներ կրող հայ արուեստագէտի տեսակը կարող էր նման ձեւակերպում անել, կարծում եմ, արդեօ՞ք գեները այստեղ որոշիչ դեր ունեն …

Անշուշտ իւրաքանչիւրս ունենք մեր գենը, իմ գեները հայութիւնն է եղել, որը հսկայական հասկացո- ղութիւն է, հպարտութիւն է եւ պատասխանատուութիւն է, գոհաբանութիւն է առ Աստուած:

- Ամէն մի ցուցահանդէսից յետոյ ինչ է արթնանում Շմաւոն գեղանկարչի մէջ: 

Իւրաքանչիւրի աչքերում ես տեսնում եմ իմ արւեստի գնահատումը, քանի որ պատկերը տեսնելու եւ զգալու համար եւ կերպարուեստի մէջ ահռելի մեծ խորութիւն կայ, որը բառերով վերարտադրելու չէ յաճախ: Այն պէտք է զգալ եւ ընկալել: Կարեւորը, այս ցուցահանդէսի առումով, որ ես գնահատուեցի եւ  մարդիք այնպիսի գնահատանքով ու շնորհակալութեամբ էին նայում ինձ, որ դրանից մեծ բաւականութիւն դժուար կը լինի պատկերացնել: 

- Աշխարհի տարբեր երկրներում բազմաթիւ ցուցահանդէսներ ունեցած, բազմաթիւ այցելուների ներկայացած, հրաշալի գնահատականների ու մի շարք հեղինակաւոր պատուոյ գրերի արժանացած արւեստագէտը, ում ստեղծագործութիւնները սփռուած են աշխարհով մէկ՝ թէ մասնաւոր հաւաքածուներում եւ թէ հեղինակաւոր կենտրոնների պատերն են զարդարում, /վերջիններից բաւականին խօսուն էր Վատիկանում Հռոմի Պապին նուիրուած հայկական եկեղեցու պատկերը կրող ստեղծագործութիւնը/ այսօր չի դադարում մնալ այն արուեստագէտը, ում համար կարեւոր է եւ ուրախութիւն է իր այցելուի ընկալումը: Եւ դա է, գուցէ այն լոյսն ու ջերմութիւնը, որը փոխանցւում է ձեր իւրաքանչիւր ստեղծագործութեանը եւ դարձնում այն անսպառ շարունակելի… Ինչպիսի արձագանգ ունեցաւ հայկական մամուլում Թուրքիայի ցուցահանդէսը, քանի որ, եթէ գնահատելու լինենք   այն մի մշակութային գեղեցիկ գոլ է…  

Արձագանգները մեծ էին Թուրքիայում, տեղի հայկական մամուլի մէջ, բաւականին խորքային   վերնագրերով: Թէպետ համացանցում էլ լուսանկարներ եւ տեղեկութիւն կար դրուած:

ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի թիւրքագիտութեան ամբիոնի վարիչ, թուրքագէտ Ալեքսանդր Սաֆարեանը տեղեակ էր այս ցուցահանդէսի արձագանգներից եւ ազգային հեռուստատեսութեամբ Թուրքիայի հետ յարաբերութիւնների վերլուծութեան ժամանակ անդրադարձաւ այս ցուցահանդէսին եւ նշեց, որ սա եւս մի ռէալ յաղթանակ է, որին անտեղեակ են հայկական լրատուամիջոցները եւ պէտք է անդրադառնալ նման երեւոյթներին, քանի որ այո, մենք այն ժողովուրդն ենք, որ կարող է մշակութային յաղթանակներ ունենալ: 

Արուեստաբան՝ Արմինէ Մելիք - Իսրայէլեան

 Յատուկ՝ «Ազատ Օր»-ին համար
Երեւան - Աթէնք

 
 


Источник: http://www.azator.gr/azad-or/events/8098-2013-12-12-10-23-34
Категория: Мои статьи | Добавил: piro (2013-12-12) | Автор: ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՐՓՆԵՐԳՈՒԹԻՒՆ W
Просмотров: 651 | Теги: ARARATYAN ERBNERGUTYUN | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն