Չորեքշաբթի, 09 Նոյեմբեր 2011 10:23
Դասաւորում -
Հայաստան-Արցախ
Ազգային պատկանելութեան, ինքնութեան հարցերը մշտապէս եղել եւ մնում են
ուսումնասիրողների ուշադրութեան կենտրոնում, որպէս գիտական
հետազօտութիւնների աղբիւր այս կամ այն ազգի գոյութեան ընթացքն ու
կենսագրութիւնը ներկայացնող պատմաքաղաքական նիւթ, որը դուրս է
ժամանակավրեպութիւնից… Արմենոիդ
մարդաբանական տիպին պատկանող հայ ազգի պարագայում ուսումնասիրողները նրա
գոյութեան ընթացքը ուսումնասիրելով կորսուած եւ տակաւին կորսուող
մարգարտահատիկներ հաստատ կը գտնեն… Այդ է վկայում զուիցերիաբնակ հայ
երիտասարդ պատմաբանի ՅՈՎԱՆ ՍԻՄՈՆԵԱՆԻ ուսումնասիրութիւնը:
Երիտասարդ
գիտնականի, պատմաբանի ու տնտեսագէտի կենսագրութեան արմատներն հազարաւոր
հայ ընտանիքների ճակատագրի նոյնանուն աղերսն ունեն պատմական ցաւի 1915¬ի
Հայոց Ցեղասպանութեան հետ:
Սասունից
Այնթապ ու այնուհետեւ փրկութեան յոյսով Հալէպ ապաստան գտած ջաղացպան
Օվեն՝ Յովհաննէսը ջարդից մազապուրծ եղած միակ մարդն էր իր մեծ գերդաստանից,
որ բախտակից կիլիկիացի աղջկայ հետ ամուսնանալով հայկական նիստ ու կացով
ու հայի ինքնութիւնը պահպանած սերունդ տուեց օտար ափերում, օտար
քաղաքակրթութեան ներսում պահպանելով սեփական դիմագիծը: Հալէպում հաստատւած
փուռապան Օվեի պատուին նրա բոլոր տղայ թոռները կրեցին պապի անունը,
Յովհաննէս անուան համարժէք անուներով՝ Յովիկ, Ժան, Յովան...
Սասունցիները
յայտնի էին, որպէս հացագործներ, որոնք արտագնայ աշխատանքի էիր մեկնում
այլ վայրեր ու երկրներ եւ յարգի էին որպէս այդպիսիք: Նոյնիսկ Հալէպում
սասունցիներին սուսանի էին անուանում,
որը արաբերէն նոյն հացագործ բառն է, - ասում է Սասունի, Կիլիկիայի,
Այնթապի արմատներ կրող զուիցերիաբնակ երիտասարդ պատմաբան Յովան Սիմոնեանը,
ում աշխատութիւնն ու ուսումնասիրութիւնների շըրջանակը բաւականին հետաքրքիր
առանցք ունի, դէպի պատմական հայրենիքի դաւանափոխ ու ծըպտեալ հայերը...
«1975
թուականին, երբ սկսուեց պատերազմը թողնելով Լիբանանը հաստատւեցինք
Զուիցերիայում: Ուսումնառութիւնս ստացայ Լոզանի համալսարանում՝
տնտեսութիւն եւ պիզնես մասնագիտութեամբ: Պատմաբանութիւնը իմ «հոպիս» է
եղել, անչափ շատ էի սիրում, բայց արգիլուած էր, քանի որ հօրեղբայրս
պատմաբան էր,գրող, լրագրող եւ երբեք դրամ շահած չէր ու միշտ հայրս էր
հոգում իրեն, ատոր համար չէր ուզած, որ իր զաւակները այդ ճանապարհով
գնան» - ասում է Յովան Սիմոնեանը, ում հետաքրքրութիւնն ու սէրը,
մասնագիտական խորը պատրաստուածութիւնն ու գիտելիքները պատմական նիւթերի
ուսումնասիրութիւնների մէջ տուեցին իրենց լուրջ արդիւնքը:
-«ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ. ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ ՀԻՒՍԻՍ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ», այսպէս էք անուանել Ձեր ուսումնասիրութիւնը նուիրուած
համշէնահայերին, որը բաւականին հետաքրքիր է նրանով, որ յենուած է կենդանի
շփման ու պատմական նիւթի, տարբեր աղբիւրների եւ սեփական ուսումնասիրութեան
հիման վրայ: Պարոն Սիմոնեան, ինչպէ՞ս ծնուեց համշէնահայերին նուիրուած
աշխատութիւն գրելու ցանկութիւնը:
Առաջին
անգամ իսլամացած հայերու՝ համշէնահայերու մասին տեղեկացայ ֆրանսիացի
լեզուաբան Ժորժ Դիւմելիի 60-ականներին Ֆրանսիայի հայագիտական հանդէսում
տպագրուած մի յօդուածից, որ համշէնահայ մի տղայի հետ շփուելով պարզած էր,
որ այդ տղան անտեղեակ է իր ինքնութեանը, չնայած խօսում էր համշէնահայ
բարբառով: Նա չգիտէր, որ իր խօսածը հայերէն է, քանի որ իրենք պարզապէս
հէմշինի լեզու կ'ըսեն: Նա լուր չունէր, որ հայի ծագում ունի, միայն, երբ
ծով կþերթար, Պոլսում նման մարդոց կը հանդիպէր, որ նոյն խօսուածքն ունէին,
բայց չգիտէր, որ պոլսահայեր էին... Այդ
պատմութիւնն ինձ ցնցեց, հետաքրքրեց, որ այդպիսի ժողովուրդ կայ, որ հայերէն
են խօսում, իսլամացած են եւ լուր ալ չունին, որ հայ են... Երկրորդ
աղբիւրը սովետագէտ Ալեքսանդր Բենիքսենինն էր, որը կը զբաղուէր սովետական
միութեան ժողովուրդներու արմատներով: Նրա գրքերից մէկը Սովետ Միութեան մէջ
եղած մահմետական ազգերու մասին էր, ուր յիշատակուած էին նաեւ համշինները,
որոնք հայ մուսուլմաններն էին: Հեղինակի բերած պատմական փաստերը խօսում
էին Ստալինեան ռեժիմի տարիներին կատարուած ազգային փոքրամասնութիւնների
արհեստական տեղաշարժերի մասին: Ստալինը թուրք մեցխեթներուն եւ
հեմշիններուն տեղահանեց դէպի կենտրոնական Ասիա... Այս պատմութիւններն էին,
որ միտքս գրաւեցին եւ 1998 թուականի ամռանը մի խմբով մեկնեցինք Համշէն,
երեք շաբաթ հոն անցուցինք, կարեւոր տեղեկութիւններ հաւաքեցինք այս հայերու
մասին: Ես տեղեակ էի գերմանացի ուսումնասիրողի՝ Բենինթաուսի
աշխատութիւնէն, որ համշէնահայերը երկու խմբի են բաժանւում: Մէկ խումբը
նրանք են, որ Թուրքիոյ մէջ կþապրին եւ հայերէն չեն խօսում, իրենց յատուկ
թըրքական բարբառը ունին, որի մէջ շատ հայկական բառեր կան, դրանք արեւմտեան
համշէնահայերն են: Երկրորդ խումբը, որ հայախօս է Հովհայի նահանգում են
բնակւում, իսկ կենտրոնական Հեմշինը Ռիզէի նահանգում է գտնւում: Երբ
Համշէնից վերադարձայ ինձ հետ կապուեց անգլիացի հրատաչակիչ մը, որ գիտական
եւ պատմական գրքերու հրատարակութեամբ զբաղուող հրատարակչութիւնում
կ'աշխատէր ու ասաց, որ նախկին սովետմիութեան եւ Կովկասի ազգերու մասին
գրքերու շարք մը կը հրատարակեն, որոնց մէջ հատոր մը պէտք է համշենահայերու
մասին. իմանալով, որ ես նման ուսումնասիրութիւն ունեմ ինձ առաջարկեցին այդ
գործը:
-Ազգային
պատկանելութեան ինքնութիւնն ու գիտակցումը կորցնող կամ յայտնի պատճառներով
շատ խորը թաքցրած, իրենց պատմական հայրենիքում ապրող այս հայերի մէջ
կրօնական կամ ազգային սովորոյթները արդեօ՞ք պահպանւել էին... Ի՞նչ
տպաւորութիւն էր, ո՞ւմ հետ էիք շփւում, ինքնութիւնը կորցրած ցեղի, թէ
դաւանափոխ կամ ծպտեալ հայի հետ...
Կրօնով
մուսուլման են, բայց պահպանած էին հայկական տօներէն Վարդավառը, որուն
իմաստը եւ ծագումը չիմանալով կը տօնեն եւ կը կարծեն թէ համշէնական
սովորութիւն է: Եւ մէկ տօն էլ ունեն, որ կապուած է խոտհարքին հետ, քանի որ
մեծ մասամբ գիւղական վայրերում ապրողները զբաղւում են անասնապահութեամբ: Առաջին
շփումից զգացւում է, որ համշէնահայերու մեծամասնութիւնը ուրանում է իր հայ
լինելը: Մի մասը այդ անում է գիտակցաբար, որ թուրքերու մէջ չիմանան թէ
իրենք հայ են,քանի որ Թուրքիոյ մէջ շովինիզմ ըսուածը արմատախիլ եղած չէ
տակաւին եւ եթէ հայ ես՝ ուրեմն քրիստոնեայ ես, հասկացողութիւնը կայ,
ինչպէս որ, եթէ թուրք ես, ուրեմն մուսուլման ես... Միւս մասն էլ, պարզապէս
չգիտեն իրենց ինչ ազգից ըլլալը, քանի որ ծնողքը գիտնալով իրենց չեն ըսած եւ
մէկ ուրիշ մտայնութեամբ առաջնորդուողներ ալ կան, որ գիտեն, բայց թաքցնում
են իրենց ծագումը: Հայ ըլլալու հանդէպ վերաբերմունքը կապ ունի իրենց
քաղաքական դիրքերի հետ: Եթէ աջակողմեան են կուսակցութիւններու կը հետեւին
եւ աւելի ազգայնամոլ թուրք են, ուրեմն անշուշտ ուրանում են հայութիւնը:
Եթէ ձախակողմեան են ընդունում են հայկական արմատները: Երիտասարդներու մէջ
մեծ է հետաքրքրութիւնը դէպի իրենց արմատները: Կայ նաեւ գենդերային
տարբերութեան խնդիր, կանայք, ծերուկ մամիկները իրենց հայութիւնը արմատներից
տեղեակ են, այսինքն չեն ուրանում, բայց տղամարդիկ՝ մինչեւ 60 տարեկանները
ուրանում են, բանակ գնացածները մանաւանդ, որոնց քարոզներով աւելի ուղեղի
լուացում են ստացել:
- Այդուհանդերձ ներկայանում են որպէս համշէննե՞ր, խառն ամուսնութիւններ եւս տեղի՞ են ունենում նրանց եւ թուրքերի միջեւ:
Համշէնում
խառն ամուսնութիւններ չկան, քանի որ գիւղերում շատ քիչ են երիտասարդները:
Երիտասարդ ընտանիքները 1960 թուականին գաղթած են դէպի Թուրքիոյ մեծ
քաղաքները՝ Անգարա, Իզմիր, Պոլիս… Այդտեղ, անշուշտ շատ են խառն
ամուսնութիւնները միւս թուրքերու հետ:Համշէնահայերի մեծամասնութիւնը ապրում
է հիմնականում վերը նշուած մեծ քաղաքներում եւ միայն ամառներն են
վերադառնում գիւղերը:
- Ընդհանուր տպաւորութեամբ ինչպիսի՞ն էր նրանց կրթուածութեան մակարդակը…
Թրքախօս
համշէնահայերու մէջ բաւականին բարձր է կրթուածութեան մակարդակը եւ շատ
բարձր պաշտօնների հասած են հէնց այդ «խուլ»համշէնի կոչուածները եւ Թուրքիոյ
կառավարութեան մէջն ալ եղած են ու կան, նախարարներ, պատգամաւորներ,
երեսփոխաններ են տուած, օրինակ հէնց վարչապետի պաշտօն վարած Մեսուտ Ելմազը,
որը համշէնահայ է… Անշուշտ նման մեծ պաշտօնի հասնելով պէտք է, որ ըսի թէ
հայ չէ արմատներով, նախընտրում են ասել, որ իրենք կենտրոնական Ասիայից եկած
թուրքեր են, որոնք հայերու հետ կþապրէին եւ հայերից վերցրեցին նրանց
մշակոյթը, լեզուն, յետոյ հայերը գնացին… անհնարին ու անհեթեթ
պատճառաբանութիւններ, որոնք իրականութեանը չեն համապատասխանում:
-Արտաքնապես ինչպիսի՞ն են, որպէս մարդաբանական տիպ…
Ոչ
մի կապ չունեն կենտրոնական Ասիայի ժողովրդի հետ, գիշեր ու ցերեկ են ասես…
Բաց մաշկով, շէկ մազերով, կապտաչեայ: Հետաքրքիրն այն է, որ նոյն լազերը չեն
հերքում իրենց հայկական արմատը եւ ասում են ըստ վրացերէնի՝ սումեխի հայ,
իրենց այդպէս են անուանում, բայց համշէնահայերը խուսափում են բարձրաձայնել,
որ հայեր են… Բուն համշէնահայերը տարբերւում են թէ լազերից թե Հովհայի
համշէնցիներից, ոչ միայն լեզուով, որ մի մասը հայերէն կը խօսի, միւսը
թրքերէն, այլ նաեւ տարազով… «Խուլ համշէնի» կիները գլխաշոր են կապում, որ
կոչւում է փուշի, փաթաթել բառից է , որ փուշանել են ասում, Աչառեանի
բառարանում ներկայացուած է իբրեւ պարսկական ծագում ունեցող բառարմատ:
Գեղեցիկ, գունաւոր գուլպաներ են գործում, հետաքրքիր կերակրատեսակներ ունեն,
որոնցից է մուխլաման, որի անուանումը հէնց մուխ, ծուխ բառից է ծագում,
պանիրների խառնուրդ է, որ կարագի ու կաթնեղէնի հետ կը տապկեն: Բաւականին
շքեղ տներ եւ ապարանքներ են պահպանուած համշէնահայերից, քանի որ 19-րդ
դարում արտագնայ աշխատանքի են մեկնել եւ շատ տարածուած էին Ռուսական
կայսրութեան տարածքում որպէս փուռապաններ, հացագործներ եւ
հրուշակագործներ. լաւ դրամ կը վաստակէին։ Վերադառնալով իրենց հայրենիք
շքեղ ու գեղեցիկ տներ են կառուցում, որ թրքերէն քոնաքի կը կոչուի:
Համշէնում մի թաղամաս կայ, որ Քոնաքլար կը կոչուի, որը հէնց այդպիսի տներով
է հարուստ. ցաւոք դրանցից շատերն այսօր լքուած են: Կան այնպիսի տներ, ուր
մի ծերունի մամիկ է, որ կ'ապրի մէջը, մնացածը գնացել են քաղաքներում
ապրելու:
-
Կա՞յ ճանապարհ, որով հնարաւոր է սեփական հայրենիքում դաւանափոխ ու ծպտեալ
այդ հայերի վերադարձը դէպի իրենց արմատները, դէպի հայկական ինքնութեան
ճանաչումը…
Այսօր
երիտասարդներու մէջ մեծ է հետաքրքրութիւնը դէպի իր արմատներն ու իր ով
լինելը, սա դրական ազդեցութիւն կարող է գործել եթէ կապը քրիստոնեայ
համշէնահայերու եւ ընդհանրապէս շփումը հայերու միջավայրին հետ տեղի
ունենայ: Մօտաւոր հաշուարկով հարիւր հազար համշէնահայ կայ: Ի հարկէ մեզ
նման հայ չեն լինի, սփիւռքահայ չեն լինի, Երեւանցի չեն դառնայ, բայց գոնէ
իրենց արմատներու հանդէպ բաց ըլլան,կապերը հայերու հետ շատ ըլլան,ազատօրէն
սերտեն իրենց պատմութիւնը եւ ընդունեն, որ հայ են: Թուրքիան ի վերջոյ
կամաց - կամաց կը գնայ դէպի դեմոկրատական արժէքները եւ այդ հնարաւոր է:
Համշէնահայը տեսակ է իր արժէքներով եւ մշակոյթով, որ մեր ազգի մի մասնիկը
կը կազմէ, եւ մի հարստութիւն է:
-
Բաւականին սուղ քանակի է ձեր գիրքը պարոն Սիմոնեան եւ որպէս
ուսումնասիրութիւն բաւականին արժէքաւոր նիւթեր է պարունակում: Պատմաբանի
անհանգիստ միտքը ո՞ւր է տանում ձեզ այսօր, ի՞նչ նոր ձեռնարկումներ ունէք:
Շնորհակալ
եմ գնահատականի համար եւ ասեմ, որ անգլերէն է տպագրուած գիրքը,
հիմնականում եւրոպական ուսումնական կենտրոնների, գրադարանների համար. ի
հարկէ նաեւ ազատ վաճառքի է դրուած: Լաւ կը լինէր եթէ համշէնահայերը ծանօթ
լինէին այդ գրքին, բայց անգլերէնի իմացութիւնը բոլորը չէ որ ունեն, ուստի
պատրաստւում է նաեւ այդ գրքի թուրքերէն թարգմանութիւնը: Յաջորդ
ուսումնասիրութիւնս վերաբերւում է հայ մելիքներուն եւ ազնուական
տոհմերուն, որը դեռ իր ասելիքով կը ներկայանայ: Յուսամ, արդիւնքների մասին
կը խօսինք եւս մէկ անգամ:
- Յաջողութիւն ձեր աշխատանքներին. շնորհակալութիւն հարցազրոյցի համար:
Արմինէ Մելիք - Իսրայէլեան արուեստաբան (Յատուկ «Ազատ Օր»ին համար)
Источник: http://www.azator.gr/armenia-karabakh/1255--hemshin |