Երկուշաբթի, 14 Նոյեմբեր 2011 11:28
Դասաւորում -
Յօդուածագրութիւն
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան քսանամեակին էր նուիրուած
Երեւանի քաղաքապետարանում կազմակերպուած գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբեանի
հերթական անհատական ցուցահանդէսը, ուր հայրենապաշտութեան ու բնութեան
հանդէպ անսահման սիրոյ հերթական գունեղ ասուլիս էր, ուր հանրութեանն էին
ներկայացուած նկարչի ստեղծագործութիւնները իրենց ինքնայատուկ վերնագիր
ամփոփումներով:
Նրա
ամեն մի անհատական ցուցահանդէսը զրոյց է դիտողի հետ, հարազատ ու սրտամօտ
մէկի ժամանակ առ ժամանակ հանդիպում, ուր գեղանկարիչը իր գունեղ
մենախօսութեամբ պատմում է համամարդկայինի մէջ ազգայինի իր վերակերպաւորման
իրական պատումը: Հայրենի բնաշխարհի խորհրդաւոր ազդեցութիւնն է, որ
կտաւներին է յառնում իր ներկապնակի ողջ գունեղութեամբ, իր ներգործութեան
ողջ թովչանքով,այսպիսին են բնանկարների այն հսկայ շարքը, որը Նիկոլ
Աղաբաբեանի ստեղծագործութիւնների հիմնական մասն է կազմում, բարձրաձայնելով
կտաւի սիւժետային ետնաշերտի մասին: «Իմ չքնաղ երկիր», «Բա սէր չի, բա ինչ
ա», «Սիրոյ կրակ», «Բա, որ ասում եմ երկիրը սիրուն ա», «Սէրը պիտի մէջիցդ
լինի» անուանուած կտաւներով արուեստագէտը արտայայտում է կեանքի հանդէպ իր
լաւատես հայեացքը: Ծաղկային
«նաթիւր մորտ»ները, բնանկարները խօսում են կեանքի ու մարդկանց մասին,
արտայայտում նկարչի շրջապատից ստացած տպաւորութիւններն ու ապրումները:
Այսպիսին է «Մեծ աշխարհի մեր անկիւնը» պատկերող հայ նկարիչը, ում
ապրումների շերտերը դարսդարսուած են կտաւներին, որպէս իրականութեան
վերերկնումի դինամիկ արտայայտութիւն հանդիսացող ստեղծագործութիւններ:
«Գնալով աւելի եմ սիրում» «Մեր երկրի երկինքը», «Այստեղ
մեծացայ», «Իմ անուշիկ երկիր», «Արեւի երկիր իմ Հայաստան»
ստեղծագործութիւններում բարձրաձայնւում է նկարչի հայրենապաշտական
ապրումները՝ արտայայտուած գունապատկերային հնչերանգով, ուր գոյնը հասնում է
ազգայնացւած սիմվոլի գագաթնակէտային վիճակի ու կարեւորութեան: Նրա
գոյների ջերմութիւնը հարազատ է, հայկական… Ազգային
նկարիչ է Նիկոլ Աղաբաբեանը, իր տեսակը հաստատող, իր տեսակը ներկայանալի
դարձնող արուեստագէտ: Երանգը միտք է ու բառ, նրա պոեմը գոյների լեզուով է
գոյներով լի աշխարհի հնի ու նորի մասին, որ նրանից առաջ էր, հիմա է ու դեռ
առջեւում… Խօսում են Նիկոլի գոյները, վառ, ամուր, թանձր, անխառն ու շատ
շիտակ գոյները, որ ասես նկարչի բնաւորութեան նման լուռ, բայց իր
ստեղծագործութիւնների գունեղ ձայնով բարձրաձայնուող ինքնապատում են հիւսում
մի հայի մասին, ում մէջ ամուր կամրջուած են անցեալն ու ներկան՝ հայեացքը
միշտ սեւեռած գալիքի երազանքին. «Մի քիչ, որ պնդուենք, կ'անցնենք այն
կողմ.Հայկական պար» ասում է գեղանկարիչը իր հերթական կտաւին տալով այս միտք
եւ հրամայականը, որը կարօտի ուժ ունի ու մի սպառուած համբերանք… «Ինձ
բաց թողէք, ես գնամ Արաքս» ստեղծագործութիւնը նոյն շարքի գործերից է, ուր
հայրենակարօտութեան ու սահմանից անդին նայող նկարչի ոգին է իշխողը:
Պոռթկուն են Աղաբաբեանի կտաւները, իրենց ներքին զսպուածութեամբ արտաքին
հրավառումի մէջ ամփոփ ներկայանալով իբրեւ արուեստ եւ ներդաշնակութիւն՝
մարդ - բնութիւն գումարելիների: Իր ստեղծագործութիւններից մէկի՝ «Վերջի
սկիզբ, կամ սկզբի վերջ» անուանուած կտաւի փիլիսո փայութեամբ գեղանկարիչը իր
ամէն մի աշխատանքի մէջ արարուող կեանքն է պատկերում ասես, ժամանակի
յաւերժական ընթացքի յարապտոյտ ոլորաններում իր արձագանգը թողնելով, որը
կեանքի ու սիրոյ մասին է, պայքարի ու յարատեւումի, ներկայի արձանագրումի ու
ապագայի տեսլականի գունեղ կոչնակ, որ յորդորում է՝ «Չվախենաս» ու կտաւի
վրայ անմահանում է եւս մի կարմիր- կարմիր կակաչ… «Ինչքան արիւն թափուեց»
անուանուած կտաւի առաջ կանգնած մարդը իր ափսոսանքն ու խոնարհումը
անմահացրել է բնութեան արձագանգով, որ անգամ հայրենի հողը յանուն իր
ազատութեան պայքարում նահատակուածներին յիշում է ու յաւերժացնում իր
ստեղծագործութեամբ. ¨ բացւում են կարմի՜ր - կարմի՜ր արնագոյն կակաչներ… Բնութեան
ձայնը մի իսկական սիմֆոնիկ ներդաշնակութեամբ կտաւից կտաւ է ձգում
հորիզոններ բացայայտող նրա սիրոյ երգը, որը կեանքի մասին է, գեղեցիկի ու
անաղարտութեան մասին, յանուն իր պատկերած յաւերժական արեւի տակ ամէն օր
ծլարձակող նոր կեանքի, որ յաւերժանալու ձգտում ունի իր
մէջ՝ ճիշդ այն կտաւի ծաղիկների պէս, որոնց վերձիգ յամառութիւնը պատկերող
նկարչի միտքը արձագանգում է ստեղծագործութեան վերնագրի մէջ՝ «Էսա արեւին կը
հասնեն»: «Նռնաձոր», «Մեղրի», «Հայաստան ասելիս հասակս ծաղկում է», «Արեւի
երկիր իմ Հայաստան» ստեղ¬ ծագործութիւնները պատմում են նկարչի ձեռքբերումի
մասին, որը եւ ինքնատիպութեան դրոշմն է դրել նրա ձեռագրի մէջ, ամէն մի
շտրիխին տալով ասելիքին համապատասխան գունային համադրում: Նիկոլի
կտաւներում սիմվոլիստական են ներկայանում բնութեան ստեղծագործութիւնները,
ժայռերը՝ պայքարի խորհրդանիշներն են, հանդերձ՝ ստեղծագործ աշխատանքի,
ծաղիկները՝ մարդկային ոգեղէն կերպարներ, բնաւորութիւն ու էութիւն պատկերող,
ծառերը՝ լինելութեան խորհրդանիշ, ինչպէս օրինակ՝ «Մթնաձորի մենակը», որը
ոչ այլ ինչ է, եթէ ոչ ինքնանկար, իսկ երկինքը նրա հաւատն է, փոթորիկներ
անտեսող, ապագային լուսաւոր ու իրեն յատուկ փիլիսոփայութեամբ նայող
հայեացքը, որն արտայայտուած է «Հաւատով կ'ապրենք. Եղիպատուշ», «Մի եկեղեցի
էլ ներսդ սարքի.Գիւմրի» կտաւներում, ուր յստակ է հնչում նրա յորդոր-
հրամայականը: Համոզմունքի
ուժն է Նիկոլ Աղաբաբեան գեղանկարչի հայրենապաշտութեան գաղափարն ու
յենակէտը, տեսակի յայտնութեան ու յանուն տեսակի մաքրագործութեան տանող նրա
անըսպառ արարումի մղիչ ուժը, ուր ամէն ինչ բխում է սիրոյ ապրումից. սէր
հանդէպ իր հայրենիքը, ծննդավայրը, իր մի բաժին երկնակամարը… Իր
ժամանակի գունեղ վկաներից է գեղանկարիչը, ում ստեղծագործութիւնները նաեւ
պատմութիւն են կերտում. Նիկոլը իր հատու գունաշերտերով կտաւներին է
արձանագրում հայրենի նորագոյն պատմութեան շրջադարձային էջերը: Այս
շարքին են պատկանում «Բա հերոս չեն բա ինչ են. Քարինտակ», «Շուշի», «Այստեղ
ամենքն ու ամէնն են հերոս. Քարինտակ», «Էս պատերազմը յաղթեցինք.
Քարվաճառ», «Արցախ», «Մեզ յաղթել չի լինի» ստեղծագործութիւնները, ուր
Աղաբաբեանի ամէն մի շտրիխը պատկերում է ոգու յաղթանակի զորաւոր ուժը, ձեռք
բերածի ներկան դարձնելով պատասխանատուութեան գիտակցում ապագայի համար եւս:
Ասում են, ամէնից լաւ իր մասին կարող է խօսել նկարիչն ինքը՝ իրեն յատուկ
լեզւով, գոյնի, պատկերի, գծի զորաւոր ուժով աբողջացնելով իր ասելիքը… …«Նիկոլ»…
Այսպէս է անւանել իր հերթական ստեղծագործութիւններից մէկը Աղաբաբեանը, որի
առաջ կանգնած միտքդ ակամայ զուգահեռւում է խելահեղ ճակատագրի հանճարներից
մէկի ստեղծագործ տառապանքներին, որոնք արուեստի հանճարեղ գործեր են այլեւս…
…Ու համաձայնում ես… Սա Նիկոլն է… Մի փայտեայ, սովորական աթոռ, ընդամէնը
մի քանի փայտի կտոր ու գամ, մի կարմիր լաթ՝ իբրեւ ծածկոց եւ ուրիշ… ոչինչ…
Պարզ ու հասարակ, բայց որքա՜ն բնական ու կենդանի, բնաւորութիւն ստացած
պարզութեամբ մի ինքնանկար, որ զննող ու հետեւող հայեացք ունի, արքայական
հզօրութիւն ու հպարտութիւն՝ առանց աւելորդ պչրանքների, վաստակած
փառահեղութիւն, որ կարող է ձեռնոց նետել ցանկացածդ գեղաքանդակ ճօճաթոռի…
Հրաշալի, ինքնայատուկ կենսափիլիսոփայութիւն, որ անհատականացնում է ճշմարիտ
արւեստագէտին:
Արմինէ Մելիք - Իսրայէլեան արուեստաբան
Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/1301-2011-11-14-11-43-30 |